21/05/2015 16:40
Գ.Ենոքյանին առնվազն որպես կասկածյալ ու մեղադրյալ ներգրավելու հիմքերը բավարար են. Գլխավոր դատախազ
Անձի տարիքը, կենսագրությունը, կյանքում ձեռքբերումները, պատվավոր վարքագիծը և այլն, այդ ամբողջը իրար հետ վերցրած ընդամենը պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են: Այսինքն, երբ անձը կատարում է հանցագործություն և ինքը 73 տարեկան է, առողջության բազմաթիվ խնդիրներ ունի, դա ընդամենը անձը բնութագրող շարքին է դասվում և ապտիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են: Բայց ոչ թե պատիժն ու պատասխանատվությունը բացառող: Այս մասին Ազգային Ժողովում, արձագանքելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին՝ կուսակից Գոհար Ենոքյանի գործի վերաբերյալ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Վ.Էնֆիաջյանը, մասնավորապես, հայտարարեց, որ 73-ամյա Գոհար Ենոքյանը առողջական բազմաթիվ խնդիրերով և պատկառելի անցյալով կին է, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը և իրեն հետաքրքրում է, թե ի՞նչ հիմքով էր այն ընտրվել:
«Մի վերապահում. ՀՀ կառավարությունն ունի հատուկ սահմանված առողջական խնդիրների ցանկ, որոնց առկայության դեպքում անձը չի ենթարկվում պատասխանատվության: Սակայն Գոհար Ենոքյանի առողջական խնդիրներն այդ ցանկում չկային»,- նախ նշեց նա: Այնուհետ, անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն ասաց, որ տրվել էր հաղորդում սպանության նախապատրաստելու մասին, ըստ այդմ սահմանվել էր ընթացակարգ.
«Բայց երբ խոսքը այնպիսի ծանր հանցագործության մասին է, ինչպիսին է սպանության նախապատրաստումը, չի եղել ՀՀ պրակտիկայում դեպք, որ անձը չձերբակալվի: Ավելին՝ մենք կալանքը որպես խափանման միջոց չենք ներկայացրել, Գ.Ենոքյանը ձերբակալվել է, դրանով իսկ ստանալով կասկածյալի կարգավիճակ, այսինքն կալանավորման մասին չենք խոսում ի սկզբանե»,- հայտարարեց Գ.Կոստանյանը:
Վստահ եմ, շարունակեց նա, որ եթե վաղը-մյուս օր որևէ մեկին սպանելու նապատատրաստելու մասին որևէ մեկը հաղորդում տա, ապա ինքը նույն ձև է վերաբերվելու ցանկացած նման հաղորդմանը:
Ինչ վերաբերում է իրավական ապացույցներին, ապա նա վստահեցրեց պատգամավորին, որ առնվազն որպես կասկածյալ ու մեղադրյալ ներգրավելու հիմքերը բավարար են: Ավելին՝ ունեն բավարար ապացույցներ.
«Բայց ես չեմ հրապարակի, թե ինչ ցուցմունք ունեմ, ում ցուցմունքն է, ինչով է այն հիմնավորվում կամ հերքվում, դա նախաքննության գաղտնիք է: Հետո կխոսենք այդ մասին»,- ավարտեց նա: