21/05/2015 10:32
Գևորգ Կոստանյանն ու անհյուրընկալ ՀՀԿ-ական ԱԺ-ն
Նախօրեին ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը սկսեց ներկայացնել ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը, որն, ըստ տրամաբանության, պետք է որ գարնանային նստաշրջանի կարևոր իրադարձություններից մեկը դառնար… չստացվեց. Ազգային Ժողովը, որում մեծամասնություն է կազմում, հիշեցնենք, Հանրապետական կուսակցությունը, այնպիսի սառը ու անտարբեր հյուրընկալություն ցուցաբերեց Գ.Կոստանյանին, որ ակնհայտ էր՝ այդ ամենը հենց այնպես չէր և միտված էր գլխավոր դատախազին թերևս ինչ-որ բան հասկացնելու: ԱԺ նիստերի դահլիճը դատարկ էր, երբ Գ.Կոստանյանը մոտեցավ ամբիոնին ու սկսեց իր ելույթը, 70 պատգամավոր ունեցող ՀՀԿ խմբակցությունից նիստերի դահլիճում ընդամենը մի քանիսն են ներկա եղել: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ինչպես ձեռքերը գրպանում մտավ նիստերի դահլիճ, այնպես էլ մի քանի րոպե անց այն ցուցադրաբար լքեց, իսկ զեկույցի ներկայացման մեկնարկից ընդամենը 10 րոպե անց դահլիճը լքեց նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Իհարկե, եթե նման վերաբերմունք ցուցաբերեր ընդդիմությունը, այնքան էլ զարմանալի չէր լինի, բայց այս պարագայում ավելի քան տարօրինակ «հյուրընկալություն էր» կազմակերպվել, կարելի է ասել՝ ընդգծված: Ընդմիջմանը ԱԺ միջանցքներում խոսում էին, որ այս ամենը դեմարշ է, որպեսզի ցույց տան, որ Աղվան Հովսեփյանից հետո Գ.Կոստանյանին մի տեսակ չեն ընկալում և այդպիսով որոշ պատգամավորներ իրենց հավատարմությունն էին ուզում հավաստել Քննչական կոմիտեի նախագահին:
Գլխավոր դատախազը, թերևս, շատ լավ հասկացավ իրեն ուղղված message-ները ու նաև գուցե հենց այդ պատճառով շտապեց ԱԺ-ն լքել, երբ պարզվեց, որ հաղորդման ներկայացումը կշարունակվի վաղը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ լրագրողները, նշենք, ի տարբերություն Կոստանյանի թեկնածությունը այդ պաշտոնում հաստատած խորհրդարանի, անհամբեր սպասում էին թե հաղորդմանը, թե հնարավորությանը շփվել գլխավոր դատախազի հետ՝ հարցերը շատ են, պատասխանները ուշանում….
Նշենք, որ այսօր Գ.Կոստանյանը ԱԺ-ում կշարունակի ներկայացնել ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը, սպասենք, թե ինչպես այս անգամ կընդունեն գլխավոր դատախազին ՀՀԿ-ական պատգամավորները: