21/05/2015 18:58
Գ.Կոստանյանը՝ Հրաչ Մուրադյանի սպանության մասին. Ելքը երաշխավորել ցավոք սրտի չեմ կարող
«Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է երկու տարուց ավելի ժամանակ, ի՞նչ ընթացք է հիմա: Նախկինում դուք լավատես էիք, որ բոլոր շանսերը կան հանցագործությունը բացահայտելու: Այսօ՞ր էլ լավատես եք»,- ԱԺ-ում, դիմելով ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հետաքրքրվեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Օպերատիվ քննչական խումբը մինչև հիմա շարունակում է աշխատանքները»,- արձագանքեց գլխավոր դատախազը: Ինչ վերաբերում է լավատեսությանը, ապա նա նշեց, որ եթե այն չլիներ, ապա գործը կկասեցվեր, բայց այն դեռ քննվում է.
«Շարունակվում է օպերատիվ հետևողական քննչական աշխատանքը… ելքը երաշխավորել, ցավոք սրտի, չեմ կարող, բայց վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդյունքը կարողանանք երաշխավորել»,- հայտարարեց նա՝ շեշտելով, որ ավելին ասել չի կարող:
Հիշեցնենք, Հրաչ Մուրադյանը սպանվել է 2013թ-ի ապրիլի 2-ին : Սպանության փաստով հարուցված քրեական գործով՝ ապրիլի 5-ին 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):