21/05/2015 13:41
Գ. Կոստանյան. Պարոն Փաշինյան, առնվազն հստակեցրեք ձեր ունեցած տեղեկատվությունը
«Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ պնդում եմ 2013 հոկտեմբերի 1-ի իմ ելույթի բոլոր դրույթները առանց բացառության: Եթե դուք ունեք իմ ասածները հերքող հակափաստարկներ, այս նույն ամբիոնից հրապարակեք դրանք, իսկ եթե չունեք պիտի ուղղակի հրաժարական տաք»,- ԱԺ-ում քիչ առաջ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և հիշեցնելով իր այդ ելույթը, որում պնդում էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպում Բուդաղյանին սպանել է հենց ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը: Ն.Փաշինյանը շեշտեց՝ հակառակ պարագայում ստացվում է, որ գլխավոր դատախազը կոծկում է այդ փաստը:
«Բանն այն է, որ վերը նշված գործողություններով դուք պատասխանատվություն եք կրում այն ամենի համար, ինչ վերջին երկու տարում տեղի է ունենում Սյունիքում ՝ ներառյալ Սդխի գյոլի միջադեպն ու երեկվա կրակոցները»,- շեշտեց Ն. Փաշինյանը:
Արձագանքելով պատգամավորի մեղադրանքներին՝ Գ.Կոստանյանն ասաց, որ վերահաստատում է իր ասածը՝ Բուդաղյանի գործով չկա մի փաստ, մի հանգամանք, որի մասին ինքը անձնական պատասխանատվություն չկրի.
«Եվ այն ժամանակ, և միշտ ես ամեն կայացրած որոշման համար անձնական պատասխանատվություն կրում եմ, ավելին՝ ես անգամ ասել եմ, որ այդ որոշումները քննարկվելու են դատարանում և հիմա էլ դատական քննության ընթացքն է և համոզված եմ, որ ձեր կողմից ներկայացված փաստերի կապակցությամբ դատախազության պարզաբանումները կարող եք գտնել ըդամենը դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալով: Միայն դրանով վստահ եմ՝ բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կոծկելուն ու շեղելուն, ապա, ըստ գլխավոր դատախազի, եթե Ն.Փաշինյանն իրականացներ մասնագիտական, այլ ոչ թե պատգամավորական գործողություն, ապա ավելի զգույշ և հետևողական կլիներ իր հայտարարությունների մեջ.
«Կարող եմ ասել, որ ես իրավական և ցանկացած պատասխանատվություն եմ կրում իմ ամեն մի որոշման համար, այդ թվում և այդ որոշման համար»:
Ն.Փաշինյանն էլ արձագանքեց, որ 2013-ին հունիսին գործով քննիչը ԱԱԾ-ից գաղտնալսումների ձայնագրություններն է ուզել վերցնել, սակայն ԱԱԾ-ից չեն տվել՝ պատճառաբանելով, թե տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել Ս. Խաչատրյանին.
«Կարո՞ղ եք ասել մի դեպք, երբ ընդդիմադիր պատգամավորին տեխնիկական պատճառերով չկարողանան գաղտնալսել»,- հայտարարեց նա՝ շեշտելով, որ եթե Կոստանյանն ուզում է, որ ինքը գնահատական տալ այս ամենին, ապա արդեն գնահատականը հնչեցրել է.
«Ս.Խաչատրյանին գաղտնալսելու հետ կապված որևէ որոշում չի եղել, դա չի էլ քննարկվել: Գործով եղել է երեք վկա և նրանց գաղտնալսման մասին է որոշումն եղել: Ս.Խաչատրյանին գաղտնալսելու մասին որոշում չի եղել, իսկ այդ երեք սուբյեկտներին գաղտնալսելու մասով , այո, ԱԱԾ-ն ասել է, որ տեխնիկական հնարավորություն չի ունեցել: Ես չգիտեմ ինչու չի ունեցել ԱԱԾ-ն այդ հնարավորությունը: Բայց այդ գաղտնալսումները կապել նշված գործի ելքի հետ առնվազն իրավական տեսակետից հիմնավորված չէ»:
Վերջում էլ հորդորեց.
«Պարոն Փաշինյան, առնվազն հստակեցրեք ձեր ունեցած տեղեկատվությունը, հետո նոր այն այստեղ քննարկման առարկա դարձրեք»: