21/05/2015 19:27
Եթե կան տվյալներ, որ Սուրիկ Խաչատրյանի որդին մեղավոր է, քննչական մարմինը նրան համապատասխան կարգավիճակ կտա
«Եթե իրոք գործում կան տվյալներ, այն մասին, որ մարդիկ ահազանգում են, որ Սուրիկ Խաչատրյանի որդին, իսկապես, մարդու աչք է հանել, ապա վստահ եղեք, որ նախաքննության մարմինը նրան համապատասխան կարգավիճակ կտա»: Աժ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են անընդհատ ասում, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն որպես վկա պետք է ներգրավել, երբ մարդիկ ահազանգում են հակառակի մասին, պատասխանեց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Այսինքն՝ եթե որևէ մեկը ասում է, թե սա նրան խփեց, սա վիրավորվել է, վնասվել, կամ կասկածյալ է, ապա ես համոզված եմ, որ նախաքննության մարմինն այդ գնահատականը պետք է տա: Համենայն դեպս՝ այս պահի դրությամբ, ես դեռ քրեական գործի քննության ընթացքին, թե ինչ ապացույցներ են ձեռք բերվել, ում հետ կապված, դեռևս գնահատական չունեմ: Քրեական գործը թող քննեն, Քննչական կոմիտեն լավ է քննում, հետո արդեն կտանք համապատասխան գնահատական»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանի որդուն բերման ենթարկելու որոշում կայացվեց միայն այն ժամանակ, երբ նա լքեց Հայաստանի տարածքը, դատախազը արդարացավ, թե դատախազության հսկողությունն ունի ընթացակարգեր, ըստ որի էլ շարժվել են:
«Նախապատրաստվեցին նյութեր, նյութերի արդյունքում ոստիկանությունը որպես հետաքննական մարմին և այնուհետև նախաքննություն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, կարող են կայացնել որոշում կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, կամ հարուցելու: Դատախազը նյութերի նախապատրաստման ավարտին նյութերը պահանջեց ոստիկանությունից և ինքը որոշում կայացրեց քրգործ հարուցելու մասին: Քրեական գործ հարուցելուց հետո ուղարկվեց Քննչական կոմիտե՝ համապատասխան քննության, որտեղ էլ իրականացվեց համապատասխան քննություն և արդեն իր գործով տեսավ, թե ովքեր են այն վկաները, ովքեր պետք է հարցաքննվեն և վկաներին ուղարկեց համապատասխան ծանուցագրեր: Այդ ծանուցագրերից հետո կար ժամկետ, ըստ որի՝ պետք է ներկայանային նախաքննական մարմին»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ այդ վկաները պետք է ներկայանային մայիսի 9ին, սակայն այդպես էլ չներկայացան:
Կոստանյանը շեշտեց նաև, որ քրեական դատավարության օրենսգրքով, եթե վկային հրավիրում ես կոնկրետ օրը, ուրեմն պետք է այդ ժամանակ ներկայան, իսկ եթե չի գալիս, նշանակում է, որ նման դեպքում անպայման որոշում է կայացվում բերման ենթարկելու մասին։
Իսկ թե ո՞ր կառույցի կամ ո՞ւմ թերի աշխատանքի պատճառով է, որ Սուրիկ Խաչատրյանի որդին այդ ընթացքում հասցրել է մեկնել Օդեսա, Գևորգ Կոստանյանը դժվարացավ պատասխանել, փոխարենը հստակեցրեց, որ ինքը բերման ենթարկելու որոշում է կայացնում միայն այն դեպքում, երբ տեսնում է, որ քրեական գործով կա վկա ներգրավելու անհրաժեշտություն: «Ծանուցագիրն ուղարկվեց, տեսա, որ ծանուցագրով սահմանված ժամանակ չի ներկայացել՝ վերջ։ Որտեղ ուզում է լինի, ես տալիս եմ ցուցում՝ նրան բերման ենթարկելու որոշում կայացնելու մասին: Չգիտեմ՝ քննիչը դրա հիման վրա երբ է որոշում կայացրել, երբ է այդ որոշումը ուղարկել ոստիկանությանը, երբ է ոստիկանությունն այդ որոշումը ստացել, իրականցրել, դա արդեն հարցի 48-րդ կողմն է: Համենայն դեպս՝ երկիր է լքել, երկիր չի լքել, որտեղ է եղել, սա էլ հարցի 49-րդ կողմն է: Կարևորն այն է, որ վկան ներկայանա նախաքննական մարմին»,- ասաց նա՝ այդպես էլ չհաստակեցնելով, թե Տիգրան Խաճատրյանը բերման ենթարկվելու է հիմա, թե՝ոչ։