21/05/2015 19:53
ԿՎՆ-ի եզրափակչում հաղթող ճանաչվեց Հայ-ռուսական համալսարանի թիմը. Լուսանկարներ
Երեկ ավարտվեց ԿՎՆ-ի ուսանողական լիգայի մրցապայաքարը, որը նվիրված էր Հայաստանի ԿՎՆ-ի ասոցիացիայի 10 ամյակին: Եզրափակչում հաղթող ճանաչվեց Հայ-ռուսական համալսարանի թիմը՝ РАУ-ն, որի հետ մրցում էին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, և Եվրոպական ակադեմիայի թիմերը:
Նշենք, որ ժյուրիի կազմում ընդգրկված էին դերասան Գրիգոր Դանիելյանը, ԿՎՆ-ի նախկին չեմպիոն Արմեն Գևորգյանը, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, Վիտամին ակումբից սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանը, ԿՎՆ-ի ուսանողական լիգայի հիմնադիր Աբրամ Բախչագուլյանը և դերասան Գարիկ Սեփխանյանը:
Մրցույթի ավարտին լիգայի նախագահ և հաղորդավար Սարգիս Կալպակյանը պատվոգրեր շնորհեց մրցող բոլոր թիմերին, իսկ հատուկ մրցանակը շնորհվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թիմին: Մասնակցիներից երկուսին, ովքեր իրենց խաղով ու հմտություններով փայլել էին հենց խաղի սկզբից, շնորհվեց ոսկե աստղիկներ, իսկ գլխավոր մրցանակը՝ գավաթը, շնորհվեց հաղթող թիմին:
Հիշեցնենք, որ խաղի կիսաեզրափակիչ փուլը չէին կարողացել հաղթահարել Տնտեսագիտական համալսարանի (НАРХОЗ), Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի և ՀՊՃՀ-ի թիմերը: