21/05/2015 12:20
«Եկամտահարկի հաշվին հիպոթեքով բնակարան ձեռք բերելու պրոցեսը բարդ է»
Հունիսի մեկից ուժի մեջ է մտնելու եկամտային հարկի մասին օրենքում փոփոխությունները: Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով եկամտային հարկին, նշեց, որ բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսները, ըստ էության, վճարվում են պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը:
«Այս փոփոխությամբ կառավարությունը երկու կարևոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին, որպեսզի առավել մատչելի պայմաններով լուծեն բնակարանային ապահովության խնդիրը և երկրորդ՝ նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը»,- ասաց վարչապետը, կարևորելով նախաձեռնությունը, նշեց, որ պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի շատ մարդ օգտվի այդ հնարավորությունից:
«Ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ պրոցեսը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այդքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում այս հնարավորություններից օգտվելու համար»,- նկատեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հանձնարարեց Ֆինանսների նախարարությանը կարճ ժամանակում ուսումնասիրել բարձրացրած խնդիրները: