21/05/2015 12:31
Հ. Սահակյան. Դատախազական համակարգում հանդուրժողականությունը կոռուպցիայի հանդեպ զրո է
«Դատախազի ելույթից ես հասկացա հետևյալը՝ չկա մի դեպք, երբ գլխավոր դատախազը տեղեկացել է ինչ-որ անօրեն գործողության մասին և այն անպատիժ է մնացել: Այսինքն դատախազական համակարգում կոռուպցիան վերացնելու առումով չկա հանդուրժողականություն, հանդուրժողականությունը կոռուպցիայի հանդեպ զրո է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք կիսում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի լավատեսությունը այն իմաստով, որ բոլոր դատախազները, որոնք իրենց գործողություններով լիազորություններից դուրս են հայտնվում, անպատիժ չեն մնում:
Հ. Սահակյանը նշեց, որ գլխավոր դատախազի զեկույցում կարևորվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրամանագրով հաստատված 2012-2016թթ-ի դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագիրը, որտեղ մի քանի դրույթներ կան, որ վերաբերում են դատախազությանը: Այսինքն այն, որ Արդարադատության նախարարությունն ու Գլխավոր դատախազությունը պետք է համատեղ մշակեին և ներկայացնեին նախագծեր, որոնք վերաբերվում են և դատախազական համակարգին, և ընդհանրապես իրավական համակարգի ընդհանուր գործունեության համակարգմանը, և մի շարք այլ միջոցառումներ, որոնք ընդհանուր կազմակերպչական կամ կանոնակարգման բնույթ են կրում.
«Ես ինքս պատրաստվում եմ իմ ելույթում անդրադառնալ դրան և կարծում եմ, որ դրանք այն խնդիրներն են, որոնք պետք է բավականին մանրամասն քննարկվեն, որպեսզի մենք կարողանանք դրա արդյունավետ լուծումը գտնենք: Այն, որ այսօր կանոնակարգման մեջ որոշակի խոչընդոտներ ու խնդիրներ կան ակնհայտ է. երբ գործի, մեղադրանքի վերջնական տերը դատախազն է, բայց միջանկյալ միջամտելու շատ քիչ իրավունքներ ունի դա փաստ է, բայց նաև որ պետք է, որ նախաքննության մարմինները կարողանան իրենց գործունեությունը բավականին անկախ, թափանցիկ ու ճիշտ կազմակերպել՝ ևս փաստ է»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ հետևաբար պետք է բոլոր գերատեսչությունների հետ քննարկումների արդյունքում կարողանան գտնել այն ոսկե միջինը կամ այն ճիշտ ելքը, որտեղ հնարավոր կլինի հնչեցնել բոլոր հարցերի պատասխանները:
Հիշեցնենք, նախօրեին ԱԺ-ն սկսեց քննարկել «ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին» հաղորդումը: