21/05/2015 18:18
Հուշագիր, որ ազդարարում է հայ-մեքսիկական հարաբերությունների նոր սկիզբ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնին: Իր խոսքում ՀՀ պաշտոնյան նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար: Այդ համատեքստում Գ.Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Մեքսիկայի միջև մշակութային կապերի զարգացման առթիվ: Նա կարևորել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը միջխորհրդարանական կապերի հաստատման ուղղությամբ և փաստել, որ մեր խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Մեքսիկա բարեկամական խումբը:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Գ.Սահակյանը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է համագործակցությունը նաև միջազգային ասպարեզում: Այնուհետև անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ նշել է, որ օրեր առաջ Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ: ԱԺ նախագահի կարծիքով՝ խորհրդարանականներն ունեն առաջնային դեր նմանատիպ հանցագործությունների դատապարտման և կանխման գործում:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը Գալուստ Սահակյանը վերհաստատել է հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումը:
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև 2011 թվականին Մեքսիկայի խորհրդարանի Վերին և Ստորին պալատների կողմից ընդունված բանաձևերին, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական հակամարտությանը և հակադրվում են միջազգային հանրության դիրքորոշումներին ու բանակցային գործընթացին: Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքին սահմանադրորեն գերակայություն տվող երկրում՝ Մեքսիկայում, նման բանաձևերի ընդունման առիթով:
ԱԺ նախագահը նաև հույս է հայտնել, որ տիկին Կուեւաս Բառոնի այցը կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:
Իր հերթին Գաբրիելա Կուևաս Բառոնն նշել է, որ ճիշտ ժամանակն ընդլայնելու և սերտացնելու երկու երկրների հարաբերությունները, քանի որ մեքսիկացի և հայ ժողովուրդներն ունեն պատմական շատ ընդհանրություններ: Նա հարաբերությունների զարգացման գործում կարևորել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացումը: Տիկին Կուևաս Բառոնը նշել է, որ մեքսիկացիները միշտ պայքարել են մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ սահմանադրորեն ամրագրելով դա:
Հանդիպման ավարտին Գաբրիելա Կուևաս Բառոնը հույս է հայտնել, որ Ազգային ժողովում ստորագրված հուշագիրը հայ-մեքսիկական հարաբերությունների նոր սկիզբ կդառնա՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության խորացմանը: