21/05/2015 15:55
Հերիք չի ակտի փող ենք մուծում, մի հատ էլ ոստիկան ենք պահում. Վարորդները դժգոհում են
Այն, որ մեր վարորդները դժգոհում են, բնական է: Այստեղ զարմանալու ոչինչ էլ չկա: Խեղճ վարորդները մի կողմից չեն հասցնում վճարել արագաչափերի հետևանքով կուտակված պարտքերը, հիմա էլ սկսել են տեղի ու անտեղի, աջ ու ձախ վճարել ճանապարհային ոստիկաններին, ովքեր օրնիբում հետևում են:
Aysor.am-ի հետ զրույցում վարորդներից մի քանիսը պատմեցին, որ ՃՈ աշխատակիցները ակտեր են շռայլում: Լինում են դեպքեր, երբ անգամ ակտ գրելու հարկ չի լինում: Պարզվում է, որ նրանք իրականում կամ լավ չեն տեսնում, կամ էլ՝ փորձում են «կուրացած» ձևանալ: Վարորդներից մեկն, օրինակ, պատմեց, որ բոլորովին վերջերս առավոտյան կանգնեցրել են իր մեքենան, ու ակտ փոխանցել նրան, այն դեպքում, երբ ինքն ամրագոտին կապած է եղել, իսկ երբ վարորդը ցույց է տվել այն, ոստիկանության աշխատակիցները պատասխանել են. «Ուրեմն ես ու ընկերս չենք տեսնում, միայն դու ե՞ս լավ տեսնում»,- իբրև թե կատակել են, և ակտը թողել ու հեռացել:
Վարորդները չեն հերքում՝ այսպիսի դեպքեր հաճախ են լինում: Ու թեև ՃՈ աշխատանքները բնական են համարում, բայց երբեմն նրանք չափներն անցնում են: Վարորդները դժգոհում են. երբ մեզ ասացին, որ արագաչափեր են տեղադրվելու, մենք մի բան էլ ուրախացանք, բայց այդ արագաչափերը գլխներիս պատուհաս դարձան: «Հերիք չի արագաչափերի պարտքերն ենք մարում, մի հատ էլ ոստիկաններին ենք պահում»:
Ինչ վերաբերում է արագաչափերին, ապա վարորդները պատմում են, որ դրանց մեծ մասը վերջին շրջանում լինում է կեղծ: «Հաճախ է եղել, երբ ակտը եկել է, պարզվել է, որ իրականում դա ակտ չէ: Լինում են կրկնակի ակտեր, տանում ենք, ստուգում, ու համոզվում, որ դրանք իրականում խախտում չեն»,- ասաց վարորդներից մեկ ուրիշը: