21/05/2015 13:50
Հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների վճարման կարգը կպարզեցվի
2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել եկամտահարկում կատարված փոփոխությունները. ըստ այդմ՝ բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսները, ըստ էության, վճարվում է պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է փորձագետ Տիգրան Աբրահամյանը.
«Այս փոփոխությամբ կառավարությունը երկու կարևոր խնդիր է լուծում՝ աջակցում քաղաքացիներին՝ առավել մատչելի պայմաններով լուծելու բնակարանային ապահովվածության խնդիրը և նպաստում շինարարության ոլորտի ակտիվացմանը:
Կառավարության այսօրվա նիստում, վարչապետը կրկին անդրադարձել է վերոնշյալ թեմային, քանի որ քաղաքացիներից ահազանգներ են հնչում «գործընթացի բարդության և մեխանիզմների անհստակության» վերաբերյալ:
Քաղաքացիների ահազանգած խնդիրները ուսումնասիրելու ու լրացուցիչ անհարթությունները կարգավորելու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը` կարճ ժամկետում, ուսումնասիրելու հասարակության կողմից բարձրացված հարցադրումները, առավելագույնս պարզեցնելու հաստատված մեխանիզմները:
Վերոնշյալ նախաձեռնությունը բավականին դրական արձագանք էր ստացել հասարակության կողմից, անհրաժեշտ է այս պահին վերացնել հնարավոր խոչընդոտները՝ հնարավորություն ստեղծելով, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի այս արտոնություններից»,- մասնավորապես գրառել է նա: