22/05/2015 11:34
Տնտեսական ակտիվության աճն ավելանում է
Չնայած Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային փորձագետների բացասական սպասումներին, այնուհանդերձ վիճակագրական ծառայությունը շարունակում է տնտեսական ակտիվության աճ արձանագրել։ Տարեսկզբի չորս ամիսների օպերատիվ տվյալներով, այն կազմել է 2,7 տոկոս, ինչը նույնիսկ ավել է առաջին եռամսյակի համեմատ։ Հիշեցնենք, որ առաջին եռամսյակին տնտեսական ակտիվությունը կազմեց 2,5 տոկոս։ Այլ կերպ ասած, տնտեսական գործընթացները Հայաստանում գոնե այս փուլում շարունակում են ակտիվանալ։
Ապրիլին աճ է գրանցվել ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում։ Մասնավորապես արդյունաբերության արտադրությունը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 10,6 տոկոսով։ Մի բան, ինչը զգալիորեն բարելավել է տնտեսության այս ճյուղի աճի ցուցանիշը։ Եթե առաջին եռամսյակի տվյալներով արդյունաբերության ոլորտում գրանցվել էր 2, արդեն չորս ամիսներին՝ 4,2 տոկոս աճ։ Ինչպես հայտնի է, հունվար-փետրվարին տնտեսության այս ճյուղը գտնվում էր անկումային իրավիճակում։
Ինչպես նախորդ շրջանում, այնպես էլ ապրիլին տնտեսական ակտիվությանը նպաստող հիմնական ոլորտներից մեկը եղել է գյուղատնտեսությունը։ Տարեսկզբի չորս ամիսներին արտադրության ծավալներն ավելացել են 4,8 տոկոսով։ Մարտի համեմատ ապրիլին գյուղատնտեսությունն աճել է 46,6 տոկոսով։
Տնտեսության ճյուղերից անկում է արձանագրվել էներգետիկաէներգիայի արտադրության ոլորտում։ Չնայած վերջին երկու ամիսներին նկատվում է իրավիճակի որոշակի բարելավում։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 8 տոկոսով։
Խորացել է արտաքին առևտրի նվազումը՝ հասնելով 31,4 տոկոսի։ Թեև դա արտահայտվել է հիմնականում ներմուծման կրճատման հաշվին։ Եթե առաջին եռամսյակին ներմուծումը նախորդ տարվա համեմատ պակասել էր 30,5 տոկոսով, ապա չորս ամիսներին հասել է 35,7 տոկոսի։ Ապրիլին 2014թ. նույն ամսվանից գրեթե 45 տոկոսով ավելի քիչ ապրանք է ներկրվել Հայաստան։
Հազիվ թե կարելի է կարծել, որ դա պայմանավորվել է միայն ներքին սպառման ծավալների անկմամբ։ Ճիշտ է, ներքին առևտրաշրջանառությունը նվազել է, սակայն անհամեմատ ավելի փոքր չափով։ Չորս ամիսներին անկումը կազմել է 7,6 տոկոս։ Սա հիմք է տալիս ասելու, որ ներկրման ոլորտում տեղի ունեցած նման կտրուկ փոփոխությունները կարող են պայմանավորված լինել նաև այլ հանգամանքներով։ Հավանաբար դա նկատի ունենալով՝ վիճծառայությունը շարունակում է զգուշացնել, որ արտաքին առևտրի հետ կապված ցուցանիշները դեռևս լիարժեք չեն արտահայտում իրական պատկերը։
Ի տարբերություն ներմուծման, արտահանումը չորս ամիսների արդյունքում մի փոքր նույնիսկ բարելավվել է. Եռամսյակի 23,1-ի դիմաց անկումը մոտեցել է 18,8 տոկոսի։ Ենթադրվում է, որ դա ավելի կփոքրանա արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների ճշգրտումից հետո։