25/05/2015 14:10
Ժամանակն է ավելի կիրթ հասարակություն ձևավորելու. Արմեն Աշոտյան
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում կրթական ոլորտում ձեռքբերումներն ավելի շատ են, քան բացթողումները: Ու թեև բացթողումների դեպքում նախարարը նախընտրում է մի փոքր լռել, բայց գտնում է, որ դրանք լուծելու համար ժամանակ է պետք: «Բացթողումները մեկ օրում կամ մեկ տարում չեն լուծում»,- ասում է նա:
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում, ամփոփելով կառավարության գործունեության մեկ տարին, նա հայտարարեց, որ այդ ծրագրի մի մեծ բաժին հատկացված է եղել կրթության ու գիտության հիմնախնդիրներին, որոնք քիչ թե շատ նախարարը լուծված է համարում: «Մեր նպատակն է շարունակել մեկնարկած բարեփոխումների շարքը՝ նոր նախաձեռնություններով, որոնք միտված են կրթական համակարգի արդիականացմանը: Փորձում ենք հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնք գոյություն ունեին կրթական համակարագում՝ ի շնորհիվ հետևողական աշխատանքի: Սա կառավարության համար մեկ բանաձևն է»,- ասաց նա:
Կարևորելով կրթական ոլորտում բարեփոխումները՝ նախարարն ընդգծեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը փորձել է ձևավորել կայուն առաջընթաց կրթական քաղաքականության ծրագրերում: «Մինչ իմ նախարար նշանակվելը, հիմնական բարեփոխումների ուղղությունները բանաձևված են՝ ելնելով ազգային կրթական համակարգի արդիականացման, այն է միջազգային ստանդարտներին համապատախասխանեցնելու հրամայականով: Սա նշանակում է, որ նախարարների փոփոխությունները ևս կարող են իրենց հետ բերել կրթական քաղաքականության մեջ այնպիսի երանգներ, որոնք կարող են դուր գալ, կամ՝ չգալ: Բայց այսօր միջազգային տենդենցներին դիմակայելու համար, այդ փոփոխությունները չպետք կրեն ճակատագրական բնույթ, որպեսզի կրթական ողջ համակարգը չենթարկվի ցնցումների»,- համոզված է նախարարը:
Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանում կրթական ոլորտը մի կողմից ուներ արդիականացման խնդիր, մյուս կողմից՝ գոյություն ուներ մի համակարգ, որի փոփոխությունները պետք է հարմարեցվեին ոչ միայն նպատակների, այլև՝ հանրային կարծիքի հետ, ուստի այսօր էլ որոշ հարցեր շարունակում են բաց մնալ: «Հանրային գնահատականը բոլոր բարեփոխումների հաջորղության կարևորագույն գրավականներից մեկն է»,- ասաց Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով կառավարության կողմից իրականացված ծրագրերին՝ նախարարը կարևորեց դրանցից հատկապես մի քանիսը, որոնց թվում առաջնահերթն, ըստ նախարարի, 12 ամյա պարտադիր կրթության մասին օրենքի հաստատումն էր: Նախարարը այս ծրագրում կարևորում է հատկապես դրա հիմքում ընկած հասարակության կրթական շեմի բարձրացումը: «9-ամյա կրթական ցենզը ՀՀ քաղաքացիների համար այլևս անցյալ է: Ժամանակն է ավելի կիրթ հասարակություն ձևավորելու՝ ինչպես բարձր մասնագիտական, այնպես էլ միջին մասնագիտական ոլորտում»,- ասաց նա:
Մյուս կարևոր ձեռքբերումը, որը նախարարի համար պակաս կարևոր չէ, դա ազգային երգ ու պար առարակայի ներառումն է դպրոցներում: Նախարարն ընդգծեց, որ թեև սա փորձնական ծրագիր էր, այնուամենայնիվ, այդ նախագիծը ևս դրական արձագանք ստացավ: «Այս առարկան սեպտեմբերի 1-ից կընդլայնվի ու կընդգրկվի ևս 100 դպրոցներում, որոնցից շուրջ 50-ը Երևանի դպրոցներն են լինելու»,- ասաց նա: