25/05/2015 16:08
Արմեն Աշոտյանը՝ Բոլոնյան գագաթաժողովի ծախսերի մասին. Կարողացանք պատվով դուրս գալ
Առաջիկա ուսումնական տարում կրթության ոլորտում կներառվի ևս մեկ պիլոտային ծրագիր: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ դա 1 աշակեևտին 1 համակարգիչ ծրագիրն է, որը թույլ կտա ոչ միայն երեխաներին ու դպրոցներին վերազինիզել նոր տեխնիկայով, այլև՝ նպաստել տեխնիկական հայալեզու կրթական բովանդակության ստեղծմանն ու մատուցմանը: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նախարարը նշեց, որ ծրագրի մեկնարկը տրվելու է Վայոց Ձորի մարզից՝ հավանաբար սեպտեմբեր ամսվա կեսերից:
«Արդեն կա կառավարության համապատասխան որոշումը և համապատասխան ֆինանասական աղբյուրը, իսկ ներկա պահին ընթանում են տեխնիկական ու բովանդակային աշխատանքներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պիլոտային ծրագիրը կգործի 4 տարի, որպեսզի հասկանան դրա արդյունավետությունն ու ազդեցությունը:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է դա ներգործում հատկապես տարրական դպրոցի վրա: Բնականաբար ծրագրի հետ կապված կլինեն շտկումներ, բայց կարևորում եմ այն, որ այս ծրագրի շնորհիվ կստեղծվի հայալեզու կրթության մի նոր պաշար, որը հասանելի ու մատչելի կլինի բոլոր երեխաների համար»,- ասաց նա:
Մյուս բարեփոխումը, որի մասին նախարարը շեշտեց, դա կապված է գիտական ոլորտի հետ: «Գիտական աստիճանի բարձրացման հետ կապված կառարավորությունն ընդունել է նոր ընթացակարգ, որը մի կողմից բարձրացնում է գիտական աստիճանի որակական պահանջները, մյուս կողմից՝ հեշտացնում է ընթացակարգը: Այսինքն՝ բարձրացրել ենք ստանդարտները, բայց ազատել ենք բյուրոկրատական ու վարչարարական քաշքուկներից: Հաջորդ քայլն այս բարեփոխումների շղթայում դա մայր օրենքի ընդունում էր, որի անհրաժեշտության մասին խոսում էին բոլորը»,- հավելեց նախարարը:
Այս շրջանում կատարված լրջագույն աշխատանքների մեջ նախարարը առանձնացրեց նաև օրերս Երևանում անցկացված Բոլոնյան գագաթաժողովը: Հարցին՝ ինչքա՞ն արժեցավ նման խոշոր միջոցառման անցկացումը Երևանում, թեև նախարարը չհերքեց, որ դա բավականին ծախսատար միջոցառում էր, բայց ասաց, որ կարողացել են պատվով դուրս գալ:
«Այդ համաժողովը թանկ միջոցառում է, պետք է կարողանալ վճարել պետության համար կարևորագույն միջոցառումների համար: Ես արդեն հանձնարարական եմ տվել՝ ի մի բերել ծախսերը, ամեն ինչ թափանցիկ և բաց է ու կներկայացվի բոլորին»,- ասաց նախարարը՝ հավելելով նաև, որ ծախսված միջոցների 40%-ը կփոխհատուցի Եվրամիությունը, իսկ մնացած 60 %-ը՝ պետությունը:
Նախարարն ընդգծեց, որ միջոցառման իրականացմանը աջակցել են նաև պետական և մասնավոր ընկերություններ, այդ թվում՝ Վիվա Սել-ՄՏՍ-ը, Կոնյակի գործարանը, քաղաքապետարանը, բուհերը: