25/05/2015 14:46
Մենք չենք համագործակցի այն ուժերի հետ, որոնք մեղսակից են մարտի 1-ին․ Ժիրայր Սեֆիլյան
«Այդ քայլին գնացին ստիպված, հույս ունենալով, որ մեզ օգտագործելով որպես պատանդ, կկարողանան ազդել մեր ընկերների վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը` մեկնաբանելով ապրիլի 24-ի նախաշեմին իրենց ձերբակալությունը:
Ըստ Սեֆիլյանի՝ ամենօրյա ահաբեկումներ են իրականացվում իրենց շարժման անդամների և իրենց համակիր քաղաքացիների նկատմամբ՝ փորձելով կանխել հնարավոր մոբիլիզացիան: Սեֆիլյանը նշեց, որ իրենք փոխում են մարտավարությունը և գնալու են քաղաքական կոնսոլիդացիայի ուղղով:
Նա ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել այն ուժերի հետ, որոնք մարտի 1-ին մեղսակից չեն: «Նիկոլ Փաշինյանի հետ, անշուշտ, բայց Տիգրան Ուրիխանյանի հետ, կարծում ենք, որ չի ստացվի, քանի որ նա այդ նշածս ուժերի մեջ էր», - նշեց Սեֆիլյանը:
Սահմանադրական հանրաքվեի հավանականությունն էլ Սեֆիլյանը համարեց տապալված:
Խոսելով մայիսի 30-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին՝ ասուլիսի մեկ այլ մասնակից ՀԽ անդամ Գարեգին Չուգասզյանն ասաց, որ քաղաքացիական անհնազանդության բոլոր քայլերը՝ լինի դա լույսը անջատելու ակցիան, լինեն այլ ակցիաներ, պետք է ընդարձակել:
Գ. Չուգասզյանի կարծիքով՝ մարդիկ պետք է հասկանան, որ քաղաքացիական անհնազանդությունն իրենց սահմանադրական իրավունքն է, քանի որ ռեժիմն ամենաշատը վախենում է քաղաքացիական անհնազանդությունից: