25/05/2015 19:06
«Հարկ եղած դեպքում ամեն ինչ կանենք՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն ամբողջական մնա»
Հայկական կողմի համար ընդունելի են այն կետերը, որոնք կնպաստեն Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետերին, ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր տեսակետները մնում են նույնը՝ մենք խաղաղ և բանակցային գործընթացների կողմնակից ենք, որը պետք է տանի դեպի հավասար երկխոսության, վստահության մթնոլորտի ձևավորում»,- ասաց Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով, որ վստահության մթնոլորտ հնարավոր կլինի ձևավորել միայն այն դեպքում, եթե շփման գծում պահպանվի զինադադարը.
Լրագրողների խնդրանքով պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի՝ ԼՂ շուրջ անվտանգության գոտու հետ կապված հայտարարությանը:
«Այն մի բան է նշանակում՝ մենք մեր առջև դրված խնդիրները և՛ Հայաստանի, և՛ Արցախի անվտանգության ապահովման գործում իրականացնում ենք պատշաճ կերպով: Բայց եթե մեզ հրահրեն, եթե լինեն սադրանքներ կամ ագրեսիա, ապա ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախի ժողովրդի խաղաղ արարման այդ տարածքը, որն այսօր կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ամբողջական մնա: Ըստ անհրաժեշտության՝ մենք կարող ենք ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել այդ տարածք»,- ասաց Սեյրան Օհանյանը: