25/05/2015 16:25
Արմավիր ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 3-6 տարեկան 14 երեխա
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող փոքրիկներին: Նախարարը հետաքրքրվլ է երեխաների առողջական վիճակով, զրուցել բուժանձնակազմի և երեխաների ծնողների հետ:
ԱՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը նշել է, որ այս պահին բուժում է ստանում 3-6 տարեկան 14 երեխա։ Բոլորի առողջական վիճակում առկա է դրական տեղաշաժ և արդեն դուրս են գրվում: Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանն ասել է, որ բռնկման դեպքերի պատճառների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է ինչպես տարածքային կառավարման և համայնքների ղեկավարներին, այնպես էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը.
«Հաստատվել է «շիգելլա զոնե»` դիզենտերիա հիվանդությունը, ինչը վկայում է երկրորդային կենցաղային ախտոտվածության մասին»,- նշել է նախարար Մուրադյանը:
Նա նաև անդրադարձել է մանկապարտեզներում և դպրոցներում ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշման մեջ կատարված լրացմանը, որի արդյունքում ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը կկարողանա օրենքով սահմանված կարգով ստուգումներ անցկացնել, ինչը հնարավորություն կտա կանխարգելելու նախկինում արձանագրված դեպքերը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Արմավիրի մարզում արձանագրված վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահաճարակային մի շարք միջոցառումներ, ուսումնասիրվել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների կազմակերպության սանիտարահիգիենիկ պայմանները, հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորներից, խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից իրականացվել են նմուշառումներ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ Արմավիրի թիվ 9 և 6 մանկապարտեզներում առկա է տեղային (լոկալ) բռնկում: