25/05/2015 16:29
Կենցաղային մակարդակի խնդիրներ են ծագում, որոնք չի կարելի բերել նախարարություն. Աշոտյան
Դպրոցական դրամահավաքը նորմալ երևույթ է եվրոպական կրթական հաստատություններում՝ սկսած փոքրիկ դպրոցներից վերջացրած աշխարհի առաջատար բուհերով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանանակ, արձագանքելով Անահիտ Բաշխյանի կողմից բարձրացված հարցերին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ ոչ մի երկրում կրթական ոլորտի ծախսերը չեն լուծվում միայն պետական բյուջեի միջոցներով: «Ցավում եմ, որ արատավորում են դպրոցին օգնելու քաղաքականությունը»,- ասաց նա՝ նկատելով, որ տարածաշրջանի համեմատ՝ Հայաստանի կրթության բնագավառը պետբյուջեից ֆինանսավորվում է ավելի շատ, քան՝ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներից:
Նախարարի համոզմամբ՝ դպրոցական դրամահավաքը արտոնված է և այդ որոշման մեջ հստակ ամրագրված է, եթե կա ծնողական կոմիտեի համապատասխան որոշում:
«Եթե կան ծնողներ, որոնք իրար հետ չեն կարողանում լեզու գտնել, համաձայնեք, որ այդ խնդրի պատասխանատուն և լուծողը նախարարությունը չէ: Մենք չենք կարող մտնել ամեն դասարան, միջծնողական հարաբերությունների մեջ: Քաղաքացիական հասարակության տարրական էլեմենտն այն է, որ քաղաքացիները կարողանան փոքր կոլեկտիվներում մշակել փոխըմբռնելի և բոլորի համար ընդունելի մոտեցումներ: Մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղություն չպետք է գնալ: Ծայրահեղություն էր, երբ մենք արգելեցինք դրամահավաքը և այսօր բազմաթիվ դպրոցներ կան, որտեղ երեխաներն ուզում են թանգարան, թատրոններ գնալ, բայց միշտ հայտնվում է մի ծնող, ով զանգում է նախարարության թեժ գծին և բողոքում, որ գումար են հավաքում, արդյունքում՝ բոլորը թափվում են այդ դպրոցի գլխին»,- նշեց Ա.Աշոտյանը:
Ա. Աշոտյանի կարծիքով՝ այսօր մեր կենցաղում բացակայում է մասնակցային ժողովրդավարության մշակույթը. օրինակ՝ մեկը ուզում է թանգարան գնալ,թող գնա, մյուսը չի ուզում՝ թող չգնա: «Սխալ է մեկի պատճառով ձախողել բոլորի որոշումը»,- ասաց նա: Համեմատության համար նախարարը հիշեց իր ուսանելու տարիներն ու նկատեց, որ զարմանալի չէ, որ խորհրդային տարիներին նման բողոքներ չէին լինում:
«Մեր ժամանակ երբ տոմս էին վաճառում կամ փետրվարի 23-ի առթիվ բոլոր դպրոցներում զինվորների համար նվերներ էին հավաքում, դա չէր դիտվում որպես դրամահավաք: Մենք ենք այլասերել մեր ընկալումների ու հրապարակումների մեջ դպրոցին օգնելու ազնիվ քաղաքականությունը, քանի որ մի կողմից հեշտ է դրամահավաքի մասին լուր տարածել, մյուս կողմից էլ իրականում կան դրևորումներ, որոնք ոչ թե դրամահավաք են, այլ՝ կաշառք, երբ դրամահավաքը վերածվում է թանկ նվերի՝ տնօրենին կամ դասղեկին, և անպայման այդ նվերը պետք է լինի ոսկեղենի տեսքով: Հասկանում եք՝ որպես քաղաքացիներ մենք շատ տարբեր ենք»,- նկատեց նախարարը՝ հավելելով, որ դրանից էլ կարելի է հետևություններ անել, որ մի ծնողն ուզում է տնօրենի աչքին լավը երևալ, մեկ ուրիշը չի կարող վճարել մյուսի ամբիցիաների գինը.
«Շատ կենցաղային մակարդակի խնդիրներ են ծագում, որոնք չի կարելի բերել նախարարություն»: