25/05/2015 16:34
Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ. Վերջ տանք թալանին
ՀՅ Դաշնակցություն կուսակցության Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները այսօր Կառավարության մոտ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ: Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության համար հատուկ նամակ-պահանջագիր էին բերել, որը փոխանցեցին Կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին:
Նամակը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները երթով, ցուցապաստառներով շարժվեցին դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որտեղ ևս բարձրաձայնեցին իրնեց պահանջների մասին: Երթի մասնակիցները բոլորին կոչ էին անում դուրս գալ փողոց և պայքարել իրենց իրավունքների համար: «Վերջ տանք թալանին, սա բոլորիս խնդիրն է և արդյունքը զգալու են բոլորը»,- հայտարարում էին երիտասարդները։
Ակցիայի մասնակիցներից Մեսրոպ Եսայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նամակով իրենք կառավարությանը կոչ են արել ուսումնասիրել մամուլում տեղ գտած բոլոր հրապարակումները, որտեղ մանրամասն ներկայացված en ՀԷՑ-ի կողմից թույլ տված բոլոր ապօրինություններն ու չարաշահումները։
«Եթե համակարգում կան գողության դեպքեր, ինչի մասին խոսել է նաև նախարարը, ապա մենք գտնում ենք՝ ճիշտ կլինի, որ մինչև հոսանքի թանկացումը կառավարությունն իր համապատասխան մարմինների միջոցով ուսումնասիրի գողության դեպքերը, որից հետո նոր որոշեն թանկացնե՞լ այն, թե՞ ոչ»,- ասաց նա: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ թանկացման 0,01 տոկոսը պայմանավորված է ՀԷՑ-ի ղեկավարների անփույթ աշխատանքով, ապա մենք չենք պատրաստվում այդ թանկացման համար վճարել և ընդհանրապես չեն վստահում ՀԷՑ-ին։
Մեսրոպ Եսայանը հայտարարեց նաև, որ կառավարությանը տվել են 3-4 աշխատանքային օր, որպեսզի ուսումնասիրեն ու պատասխան ներկայացնեն, իսկ պահանջըչկատարելու դեպքում պատրաստ են անգամ հանրային ճնշում գործադրել:
«Նախատեսել ենք ավելի ընդլայնել մեր բողոքի ակցիաները: Մեզ համար կարևորը նպատակն է, սա ընդամենը առաջին մեսիջն է կառավարությանը»,-ասաց նա։