25/05/2015 13:00
Հովհ. Մանուկյան. Ճիշտ չէ համաներման միջոցով քրեակատորաղական հիմնարկները բեռնաթափելը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ճիշտ չի համարում համաներման միջոցով քրեակատորաղական հիմնարկները բեռնաթափելը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա՝ նշելով, որ համաներում հայտարարելը կամ չհայտարելը Սերժ Սարգսյանի իրավասությունն է:
Նա համաձայնեց այն մտքի հետ, որ դատապարտյալների թվի ավելացումը մտահոգիչ է, սակայն ասաց, որ վիճակը, մեր հարևան երկրների համեմատ, այդքան էլ սարսափելի չէ:
Դիտարկմանը, թե չնայած քրեակատարողական հիմնարկների բարեփոխումների հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, սակայն դատապարտյալներից շատերը դժգոհում են, որ անգամ բուժօգնություն չեն ստանում, Հովհ. Մանուկյանը պատասխանեց, որ այդ խնդիրները հաճախ և շատ դեպքերում իրավիճակի արդյունքն են:
«Մենք լրջորեն ուսումնասիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները ՔԿ-ների տիրող իրավիճակի վերաբերյալ, և ես համաձայն չեմ, որ այնտեղ անմխիթար վիճակ է: Այո, ճանապարհներ պետք է գտնել իրավիճակն ավելի բարելավելու նպատակով և լուծման ճանապարհներից մեկն օրենսդրության ստեղծումն է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ՔԿՆ-երն ավելի թեթևանալու նպատակով «Արմավիր» ՔՀԿ-ում ևս 400 դատապարտյալ կտեղափոխվի:
Նրա խոսքով՝ ՔԿՀ-ներում սննդի, բուժտեխնիկայի հագեցվածության և կադրերի խնդիր կա, ինչը կապված է այն բանի հետ, որ առաջին հերթին որակյալ բժիշկները չեն գալիս այդտեղ աշխատելու և բացի այդ, պատճառ է նաև ցածր աշխատավարձը: