25/05/2015 13:36
Նախարար. Վաղաժամկետ պայմանական ազատման համակարգը բարեփոխման կարիք ունի
Վաղաժամկետ պայմանական ազատման համակարգը բարեփոխման կարիք ունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Նախարարի խոսքով՝ այս խնդիրը վաղուց է հուզում հանրությանը և պետական պատկան մարմիններին, քանի որ դա կարևոր գործիք է, որը բանտարկյալներին ստիպում է իրենց ավելի լավ պահել։
«Բարեփոխումների անհրաժեշտությունը արդիական է։ Դա հասկանում է հասարակական սեկտորը և դա համապատասխանում է պետության շահերին»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե հարցը քաղաքական դրդապատճառներ ունի, նախարարը ասաց, որ, հաշվի առնելով խնդրի կարևորության աստիճանը, հատկապես ցմահ ազատազրկման դատապարտվածների մասով, հարցը լուծելու են երկրի իշխանությունները, և ուստի, քաղաքական լուծում է պետք:
Նրա խոսքով՝ ցմահ ազատազրկված բանտարկյալների մասով հարցը պետք է դիտարկել օրենսդրական բարեփոխումների ենթատեքստում։
Հովհ. Մանուկյանը ասաց, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին քննարկումներ են անցկացրել, որոնց արդյունքում որոշակի օրենսդրական առաջարկներ են հնչել, սակայն առաջարկների մասին խոսելը վաղ համարեց: