25/05/2015 13:20
ԲՀԿ նախագահը մասնակցել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի նիստին
Մայիսի 21-23-ը Մեծ Բրիտանիայի Վինչեսթեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նիստը։ Նիստի օրակարգում Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահի և վարչության նոր կազմի ընտրությունն էր։ Դաշինքի նիստը քննարկել է նաև անդամ պետություններում տիրող իրավիճակն ու առկա խնդիրները։ Նիստում ելույթով հանդես է եկել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ անդրադարձել է փետրվարյան իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստանում» տեղի ունեցած փոփոխություններին։
ԲՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ խորհրդի նիստը քննարկել է նաև դաշինքին անդամակցության նոր հայտերը՝ եվրոպական մի շարք երկրներից։ Եվրոպայի ռեֆորմիստների և պահպանողականների դաշինքին անդամակցելու հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը։ Ն.Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ ուղղակի անթույլատրելի է եվրոպական ընտանիք անդամագրել մի երկրի կուսակցության, որտեղ այս պահին 80-ից ավելի քաղբանտարկյալ կա, իսկ երկիրը Եվրոպայի թիվ մեկ տոտալիտար երկիրն է՝ իր քաղաքական վերնախավով։
ԲՀԿ նախագահը նաև նշել է, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող կողմ լինել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» անդամակցությանը Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքին։ Աշխատանքային երկրորդ օրը դաշինքի խորհրդի նիստը քննարկել է ռուս-ուկրաինական կոնֆլիկտն ու դրա լուծման հնարավոր իրատեսական ուղիները։
Աղբյուրը տեղեկացնում է, որ ԲՀԿ հրավերով հոկտեմբեր ամսին Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի ընդլայնված նիստը տեղի կունենա Հայաստանում։