25/05/2015 14:34
Ն. Սարգսյան. Մեկ-երկու բուհ կտեղափոխվի Գյումրի, մեկ-երկուսն էլ՝ Աբովյան
Որոշ բուհեր Գյումրի տեղափոխելը կարող է դառնալ Գյումրու զարգացման ծրագրերից մեկը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ շեշտելով, որ դա իրենց նախաձեռնությունն է։
Նախարարի խոսքով՝ նա կոչ է արել գործընկերներին նախապատրաստվել Գյումրու զարգացման ծրագրերի քննարկումներին, քանի որ մինչև 2016-2017թ-ը պետք է ավարտեն Գյումրու վերականգնման ծրագիրը:
«Պետք է հիշենք, որ բուհերի տեղափոխումը արագ ու հեշտ ծրագիր չէ։ Բայց մի բան հստակ է՝ Գյումրին Հայաստանի խիստ տարբերվող քաղաքներից մեկն է, որն իրավունք ունի ունենալ մայրաքաղաքային գործառույթներ»,- նշեց նա։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ խոսքը ոչ բոլոր բուհերի տեղափոխման մասին է իհարկե: Խոսքը Գյումրի մեկ-երկու բուհ և Աբովյան մեկ-երկու բուհ տեղափոխելու մասին է:
«Ամեն ինչ կենտրոնացնել մայրաքաղաքում չի կարելի, քանի որ դա խանգարում է այլ քաղաքների զարգացմանը»,- շեշտեց Ն.Սարգսյանը:
Նշենք, որ այսօրվա ասուլիսում ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ հայտարարել էր, որ չկա որևէ ծրագիր, ըստ որի բուհերը մայրաքաղաքից կտեղափոխվեն Գյումրի կամ մարզային այլ քաղաք: