25/05/2015 11:47
Ա.Ջանջուղազյանը նույնիսկ անձնական կանխատեսումներ չունի
Պետական բյուջեով 2015թ-ի համար դոլարի փոխարժեքը սահմանված է 411 դրամ: Այս մասին Ազգային Ժողովում մեկնարկած «Հայաստանի ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, ի պատասխան ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանի հարցադրման, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
«Դա մտահոգիչ հարց է, բայց այն գործառնությունների համար, որոնք կապված են պետական պարտքի սպասարկման և պետական պարտքի շրջանակում ստացումների հետ որևէ խնդիր չի առաջացնում, որովհետև կարգավորված է Կառավարության և ԿԲ միջև գործող համաձայնագրով, համաձայն որի՝ փոխարժեքի փոփոխման ռիսկը կրում է Կենտրոնական բանկը: Այսինքն՝ փոխարկումները կատարվում են այն փոխարժեքով, որը սահմանված է պետբյուջեի մասին օրենքով»,- ասաց ՀՀ գլխավոր գանձապետը:
Վ.Բաբայանը շեշտեց՝ ամրագրվել է 411 դրամ, սակայն այսօր 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը մոտ է 480 դրամ սահմանագծին և դժվար է պնդել, թե սա իր բացասական ազդեցությունը չի ունենում: Ա.Ջանջուղազյանն էլ ընդունեց՝ այո, ունենում է և ելքային, և մուտքային մասով, բայց այդ խնդիրների հասցեատերը Կառավարությունը չի .
«Եթե անհրաժեշտություն կա՝ այդ հարցը ուղղեք Կենտրոնական բանկի նախագահին»,- հավելեց Ա.Ջանջուղազյանը:
Վ.Բաբայանը իր հարցում նաև հետաքրքրվել էր՝ արդյո՞ք հնարավոր է դոլար-դրամ փոխարժեքի այնպիսի տատանում, որին ականատես եղանք անցած տարեվերջին.
«Որևէ տեղեկատվություն չկա, թե այսօր դոլարի կուրսը ինչպես է պահվում և այս հարցը շատ կարևոր է»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Սակայն ՀՀ գլխավոր գանձապետը միայն ասաց, որ ցանկանում է կանխատեսումներից ձեռնպահ մնալ, քանի որ չունի այդպիսի կանխատեսումներ ու առավել ևս չունի այդպիսի լիազորություն հրապարակելու անձնական կանխատեսումները, եթե այդպիսիք էլ ունենա.
«Բայց չունեմ, նույնիսկ անձնական չունեմ»,-վստահեցրեց նա ու ևս մեկ անգամ հորդորեց հարցը հասցեագրել ԿԲ-ին: