25/05/2015 18:37
Որոշակի չարաշահումներ են եղել. Ս. Օհանյանը՝ Պատնեշ և Ավոտամտիկայի գործարանների մասին
«Մենք բավականին լուրջ ուսումնասիրություններ ենք իրականացրել և Ավտոմատիկայի գործարանի խնդիրները վերախմբավորվել են, վերատեղափոխվել են Պատնեշ գործարան, որտեղ հնարավորություններն ավելի մեծ են, նաև գոյություն ունեցող շինությունները ավելի մեծ ու բարձր են»,- լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ՊՆ-ն հրաժարվում «Ավտոմատիկա գործարանից»՝ կառուցելով նորը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը պարզաբանեց, որ այնտեղ որոշակի չարաշահումներ են եղել, և քանի որ համասեփականատերը եղել է անձ, ով մի քանի անգամ փոխել է իր պայմանավորվածությունը, ուստի նման որոշում է կայացվել: «Ուզում եմ ձեզ հետ լինել, չեմ ուզում ձեզ հետ լինել, վաճառեք, հետո կառավարության որոշում ենք ընդունում, փոշմանում է, ասում է՝ չեմ գնում և այլն»,-մանրամասնեց նախարարը:
Դիտարկմանը, թե համասեփականատերն էլ փոխնախարար Ալեք Միրզաբեկյանին է մեղադրում կոռուպցիայի մեջ, նախարարը հակադարձեց՝ դա ճիշտ չէ:
«Քրեական գործը կապացուցի՝ ով է մեղավոր, ով՝ ոչ: Անձամբ ես մի քանի անգամ շփվել եմ, ինձ համար դյուրին չէ, երբ կառավարության ղեկավարությանը համոզում ես, որ պետք է գնել կազմակերպության 20%-ը, որը մասնավոր սեփականություն է, և այնուհետև սեփականատերը հրաժարվում է: Մենք այստեղ դուրս չենք եկել երեխայական խաղերի»,-ասաց նա: