25/05/2015 12:42
Քաղաքապետարան-«Փարկինգ սիթի սերվիս» համագործակցությունը օրինականացված «ռեկետի» մակարդակում է
Հերթական զավեշտը «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ից, որը, հիշեցնենք, իրականացնում է Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպում: Տողերիս հեղինակն այսօր Երևանի քաղաքապետարանից ստացել է sms հաղորդագրություն, որով տեղեկացնում են, թե ես 5 հազար դրամ պետք է վճարեմ որպես տույժ, քանի որ չեմ վճարել կայանատեղիի տուրքը, բայց, փաստորեն, հանդգնել եմ կայանել մայրաքաղաքի փողոցներից մեկում: Ըստ sms հաղորդագրությունում նշված PIN կոդի՝ արձանագրությունը կազմվել է այն կայանման համար, որի համար ես վճարել եմ sms հաղորդագրության միջոցով, ընդ որում՝ երկու ժամվա համար:
Այսպես, ըստ արձանագրության՝ մայիսի 18-ին ժամը 19.27-ից մինչև ժամը 20.06 ես կայանել եմ Տիգրան Մեծ պողոտայում, բայց չեմ վճարել դրա դիմաց: Մինչդեռ բջջային հեռախոսիս մեջ պահպանվել են իm կողմից վճարումների մասին sms հաղորդագրությունները, որոնք վկայում են, որ այդ օրը վճարում եմ կատարել կայանելու համար ժամը 18.43-ից մինչև 19.43 և այնուհետև ժամը 19.44-ից մինչև 20.44:
Այս ամենը վկայում է մի բանի մասին. Երևանի քաղաքապետարան-«Փարկինգ սիթի սերվիս» համագործակցությունը «բարդակ» իրավիճակ է ստեղծում, օրինականացված «ռեկետի» մակարդակում է գտնվում, երբ անկախ տեսագրություններից ու տեխնիկական այլ հագեցվածության մակարդակից՝ մտքներով անցնում է տուգանք են գրում, չի անցնում՝ չեն գրում: Բա լավ, այդ միլիոնները, որ պետք է ներդրվեին երևանցիների թալանը օրինականացնելու համար՝ տեսախցիկներ տեղադրվեին, շրջիկ ավտոմեքենաներ լինեին, այս ամենը հագեցվեր համակարգիչներով, որոնք ստացված տեղեկատվությունը պետք է վերլուծեին ու հասկանային ով է վճարել, ով ոչ՝ ո՞ւր են, որ չեք կարողանում ստուգել՝ վճարում եղել է, թե՞ ոչ: Թե հույսներդ դրել եք նրա վրա, որ վարորդը հեռախոսը չծանրաբեռնելու համար վճարումների մասին sms-ները չի պահի, կջնջի, հետո էլ չի հիշի՝ վճարել է, թե ոչ ու ցանկություն չի էլ ունենա ընկնել բջջային օպերատորի մոտից քաղվածքը հանելու, որպեսզի ապացուցի այն, որ վճարում եղել է: Ու դուք էլ, «ռռկետչիկների» տրամաբանությամբ, այդ շատ պարզ եղանակով միլիոններ կվաստակեք: Ամոթ է:
Ցավը նրանում է, որ Հայաստանում նմանատիպ թալանի մեխանիզմները կատարելագործված են, իսկ փոխհատուցման ինստիտուտը չի գործում: Հակառակ պարագայում մի անգամ նման մեթոդով ապօրինի գումար վաստակելու փորձը եթե հասներ դատարան ու դատարանն էլ սահմաներ, որ քաղաքացուն ընկերությունը պետք է կլորիկ գումար փոխհատուցի, երկրորդ անգամ այս խայտառակությունը չէր կրկնվի:
Հ.Գ. «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ից ինձ տեղեկացրեցին, որ քանի դեռ տուգանքի մասին ծրարը չեմ ստացել կարող եմ, ասել է թե, չանհանգստանալ, իսկ երբ ստանամ, զանգահարեմ այն հեռախոսահամարով, որը նշված կլինի նամակում: Հասցեատերը, այսինքն, իրենք չեն, իրենք միայն ապօրինի ստացվող եկամտի տերն են….