26/05/2015 19:23
Microsoft ընկերության ընդլայնումը Հայաստանում իր հետ կբերի արտասահմանյան ՏՏ ընկերությունների ներհոսք
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը` Հովիկ Աբրահամյանը և Դոն Գրանթամը քննարկել են հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հանդիպումից հետո ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև համագործակցության հուշագրի և փոխգործակցությանն ուղղված պայմանագրերի ստորագրումը, որոնք էլ կնպաստեն համագործակցության լավ հիմքերի ամրապնդմանը, ՏՏ ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացմանը և նոր համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:
Ներկայումս Microsoft ընկերությունը ներկայացված է ՀՀ-ում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնով: Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի իրականացնում է Հայաստանում նորարարության խթանման աջակցություն, որի արդյունքում կմշակվեն ինովացիոն ՏՀՏ լուծումներ` տարբեր բնագավառներում, այդ թվում նաև մասնավոր, պետական և սոցիալական ոլորտներում կիրառելու համար:
ՀՀ կառավարության և Microsoft ընկերության միջև ստորագրված հուշագրով նախատեսվում է Հայաստանում «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով, կրթական ոլորտում համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացում:
Micrososft ընկերության և այլ ամերիկյան ՏՏ ոլորտի ընկերությունների ՀՀ-ում ծավալած գործունեության որոշակի մակարդակով բավարարվելը հիմնականում պայմանավորված էր`ՏՏ ոլորտի ընկերությունների համար ամենամեծ խոչընդոտը հանդիսացող մտավոր սեփականության պաշտպանությունով, իսկ այդ խնդիրը լուծվեց ԱՄՆ-ՀՀ TIFA պայմանագրով, որով մասնավորապես սահմանվում է, որ Հայաստանում ամերիկյան ձեռնարկությունների կողմից ստեղծված մտավոր սեփականությունը ստանալու է նաեւ ԱՄՆ-ի պաշտպանությունը, այսինքն նրանց արտադրանքն այսուհետ պաշտպանված կլինի նաև ԱՄՆ-ի օրենսդրությամբ:
Microsoft ընկերության գործունեության ընդլայնումը ՀՀ-ում շատ կարևոր է ոչ միայն աշխատատեղերի ստեղծման և արտահանման պրոդուկտ ստեղծելու առումով, այլ նաև ՀՀ որպես ՏՏ երկրի վարկանշի բարձրացման և ՏՏ ոլորտի բիզնես միջավայրի բարելավման համար, որը դեպի ՀՀ կապահովի օտարերկրյա ՏՏ ընկերությունների և մասնագետների ներհոսք:
ՏՏ ոլորտում նշված ծրագրերի կյանքի կոչման և հետագա զարգացման առումով ՀՀ-ից պահանջվում է որակյալ աշխատուժի ապահովում և հեղինակային իրավունքի պաշտպանություն, ինչը իրատեսական է թվում` ՏՏ ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության ֆոնին: