26/05/2015 16:51
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ Փարիզի քաղաքապետարանում շարունակվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցադրությունը
Ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացված ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն՝ ընդգծելով՝ մինչ այդ դրա այցելուների թիվն ամենայն հավանականությամբ կանցնի կես միլիոնից:
«Սա միջպետական նշանակություն ունեցող միջոցառում է»,- ասաց Հայկ Դեմոյանն՝ ավելացնելով, որ այն հնարավոր է դարձել Փարիզի քաղաքապետի բարձր պատրաստակամության շնորհիվ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, թանգարանի բարեկամ և բարերար Ջևան Չելոյանցի, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ:
«Բանկի աջակցությամբ հրատարակել են նաև հատորներ, որոնք մեծ հաջողություն ունեցան ցուցադրության ընթացքում: Ցուցադրությունում կա գրքերի առանձին գրախանութ, մի հատված տրամադրված էր հենց այդ գրքերին»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Ասուլիսին ներկա Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքով՝ իրենք չէին կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն նվիրված միջոցառումներից.
«Իրականացվող ցուցադրությունը բացառիկ էր թե իր անցկացման վայրով, թե ստացած հնչեղությամբ: Համոզված եմ, որ ցուցադրության շնորհիվ բազմաթիվ մարդիկ տեսան և իմացան, թե ինչ է իրականում կատարվել 20-րդ սկզբին»,- ասաց բանկի գործադիր տնօրենն՝ ընդգծելով՝ մեծ պատասխանատվություն էր այս նախագծին միանալն ու ներդրում ունենալ այն միջոցառումներին, որոնք անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում: