26/05/2015 13:13
Փաստաթղթերի հետ կապված ուսումնասիրություններում վրիպել եք. Դավիթ Հարությունյանը՝ Արծվիկ Մինասյանին
ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ կառավարության կողմից անըդհատ խախտվում է թե՛ ԱԺ կանոնակարգը, թե՛ իրավական ակտերի մասին օրենքը, և թե՛ Նախագահի հրամանագիրը:
Իր խոսքում պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ Նախագահի հրամանի համաձայն՝ Կառավարության կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը, այդ թվում՝ ԱԺ ներկայացվող, պետք է լինի ամբողջական: «Հիմա դուք եք ղեկավարում կառավարության աշխատակազմը և դուք եք դրա համար պատասխանատվություն կրում»,- ասաց պատգամավորը, ով նաև հետաքրքրվեց այդ փաստաթղթերում տեղ գտած ցուցանիշներից, որոնք ըստ պատգամավորի՝ երբեմն լինում են նաև սխալ:
«ԱԺ օրենքները պետք է ներկայացվեն ամբողջական տեսքով, որում պետք է ներառված լինեն հանրային քննարկումների արդյունքներն ու դրանց վերաբերյալ ամփոփումները: Այդ փաստաթղթերում կա միայն քանակ, իսկ որակների մասին խոսք անգամ չկա: Գուցե իմ վրիպումն է, բայց խնդրում եմ գնահատական տալ»,- ասաց Ա. Միասյանը:
Ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց. «Թույլ տվեք չասել, թե ինչպիսի գնահատական կարող եմ տալ, բայց ինձ թվում է, որ դուք փաստաթղթերի հետ կապված ուսումնասիրություններում վրիպել եք: Իմ ձեռքի տակ են գտնվում բոլոր ցուցանիշները և ինձ թվում է, որ դուք խոսում եք միայն որակական ցուցանիշենրի մասին, բայց մենք ներկայացրել ենք միայն քանակական ցուցանիշներ: Երբ բյուջեն ներկայացվում էր, այնտեղ որակական ցուցանիշ չկար: Այդ փաստաթղթերում հիմա դուք տեսել եք մի տող, որը կիրառելի չէ, և դրանից պատմություն սարքել, թե ինչպես պետք է գնահատենք, տեղին չեմ համարում»,- :
Անդրադառնալով կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնություններին՝ Դ. Հարությունյանը նշեց՝ անշուշտ, կարող են լինել թերություններ, որոնց մասին պետք է շուտ ահազանգել: «Եթե նկատում եք այդպիսիք, ես կնախընտրեի, որպեսզի դրանց մասին շուտ ահազանգվի, որպեսզի մենք շտկումներ կատարենք: Այդ թերությունները կարող են պայմանավորված լինել նաև ծավալուն աշխատանքով: Եթե նկատում եք օրենսդրական փաթեթների թիվն էապես փոխվել է: Այդուհանդերձ, ես պատրաստ եմ կրել աշխատանքի պատասխանատվությունը և շտկել ցանկացած թերություն»,- եզրափակեց նա: