26/05/2015 14:12
Ցեղասպանության 100-րդ տարելի միջոցառումները կշարունակվեն նաև տարվա 2-րդ կեսին. Հ. Դեմոյան
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումները չեն ավարտվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ մանրամասնելով, որ դրանք շարունակվում են նաև այսօր: «Միջոցառումները շարունակվելու են նաև տարվա երկրորդ կեսին»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այսօր Հայոց ցեղասպանությանը նվիրված տարբեր մեծության ու բովանդակության միջոցառումներ են տեղի ունենում նաև աշխարհի տարբեր երկրներում, իսկ Ցեղասպանության թանգարանը խոշոր ցուցադրություններ է կազմակերպել՝ տեղի համայնքների և դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ:
Հայկ Դեմոյանը հավելեց, որ այդպիսի խոշոր ցուցադրություններն են սպասվում նաև առաջիկայում: «Չորս խոշոր ցուցադրություն նախատեսված է թանգարանում, որից մեկը կապված է օգոստոսի մեկին կայանալիք համահայկական խաղերի հետ: Շատ կարևոր միջոցառում է նախատեսված նաև հուլիսի 8-12-ը: Այդ օրերին է կայանալու ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովիը, որին կմասնակցեն շուրջ 250-300 ցեղասպանագետ»,- հավելեց նա: