26/05/2015 14:37
Նաիրիտցիները կմիանան էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ պայքարին
Նաիրիտ գործարանի աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ: Նրանց պահանջները կրկին նույնն էին:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները արդեն տևական ժամանակ է, ինչ պայքարում են սեփական իրավունքների համար: Նրանք պահանջում են չվճարված աշխատավարձեր ու գործարանի վերագործարկում: Ի դեպ՝ ինչպես միշտ, այսօր ևս գործարանի աշխատակիցներին նախագահականից ոչ ոք չմոտեցավ: Հանդիպում ու պարտքի մարում վանկարկումներով գործարանի աշխատակիցները Բաղրամյան 26-ում սպասեցին մինչև կեսօր, որից հետո որոշեցին իրենց բողոքի ակցիան շարունակել վաղը:
Aysor.am-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցներից Անուշ Հարությունյանը նշեց, որ դա դարձել է արդեն սովորական երևույթ: «Նախորդ հավաքին մեզ մոտեցել էր նամակների բաժնի ղեկավարը, ով փոխանցեց, որ մեր բողոքն ու պահանջները փոխանցել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Նամակների ընդունման բաժնի ղեկավարից այլ բան չէինք էլ ակնկալում: Նա կարող էր միայն այդքանով մեզ օգնել»,- ասաց նա:
Անուշ Հարությունյանը նշեց, որ բողոքի ակցիան կմեկնարկի կառավարության մոտից, որտեղից երթով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ և ժամը 18-ին կմիանան էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարողներին: Մեր դիտարկմանը՝ այլևս չեք կարողանում միայնակ պայքարել, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Մենք միշտ մեր պայքարը միայնակ ենք տարել, իսկ մեզ միացողներին միշտ գրկաբաց ենք ընդունել: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը լուրջ վնասներ է իրենից ենթադրում, որի համար պայքարել պարտավոր են բոլորը, իսկ նաիրիտցիները՝ առավել ևս: Եթե էլեկտրաէներգիան թանկանա, ապա Նաիրիտի վերագործարկումն այլևս անհնար կդառնա»,- ասաց նա: