26/05/2015 16:05
Իրավաբան. Նոր երևան եկած հանգամանքով վարույթ հարուցելը չի նշանակում, որ տվյալ անձին սխալ են դատել
Նոր երևան եկած հանգամանքով վարույթ հարուցելը չի նշանակում, որ տվյալ անձին սխալ են դատել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց իրավաբան Լևոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ դա արվում է ճշտելու համար այն փաստերի իրողությունը, որոնք քննության ժամանակ են ի հայտ եկել կամ էլ նորագույն գիտությամբ բացահայտվել է, որ տվյալ անձը չի կատարել այդ հանցագործությունը:
Լ. Բաղդասարյանը, անդրադառնալով ցմահ դատապարտյալներից Մհեր Ենոքյանի գործին, ասաց, որ իրենց միակ պահանջը այն է, որ նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցի, ինչը վաղուց արդեն ընդունված պրակտիկա է Եվրոպայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև Ռուսաստանում, որտեղ տարեկան հարուցվում են նման հարյուրավոր գործեր և դատապարտայլների մի մասը արդարացվում է կամ պատժաչափը վերանայվում է:
«Դեպքից քսան տարի անց միջազգային փորձագիտական կենտրոնի տված եզրակացությամբ՝ քրեական գործի նյութերում եղած դեպքի վայրի և այլ դատաբժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ, միանշանակ, Մհեր Ենոքյանը սպանություն կատարող անձը չի»,-ասաց նա:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռևազյանի կարծիքով՝ գործերը չեն վերաբացվում այն պատճառով, որ դա կարող է գլխացավանքի պատճառ հանդիսանալ՝ «պատասխանատվության ենթարկել մեղավորներին, կառաջանա փոխհատուցման խնդիր, մինչդեռ նման գործերը համարվում են փորձաքար»:
Լրագրող Զարուհի Մեջլումյանը ասաց, որ այդ գործերով ապացույցները ոչնչացվել են, «Հետքը» եղել է դատարանների կենտրոնական արխիվում, և չնայած Սողոմոն Քոչարյանի գործով ապացույցների ցանկում նշվել է գլխավոր դատախազի տեղակալի զեկուցագրի մասին, սակայն դա չկա և իրենք այդ զեկուցագիրը ստանալու պահանջով դիմել են դատարան:
«Պետական համակարգը տղայական մոտեցում է ցույց տալիս»,-ասաց Զ. Մեջլումյանը: