26/05/2015 12:37
Անմիտ տնտեսումը ամենաանթույլատրելի բանն է Հայաստանում. Դավիթ Հարությունյան
Այսօր ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր չէր այն ծախսերն ու ճոխությունները, որոնք պետական պաշտոնյաները թույլ են տվել նախորդ տարի, այս տարի դրանք կրճատվեին: «Ատկատները հասնում են միլիոնների: Այսօր պաշտոնյաները հսկայական ճոխություններ են թույլ տալիս ընդունելությունների, նույն ավտոմեքենաներ ձեռքբերելու համար: Հնարավո՞ր չէր 2014 թվականին և դրան հաջորդ տարիներին ատակարգ տնտեսման ռեժիմով անցնել առաջ»,- հարցրեց պատգամավորը:
ի պատասխան Դ. Հարությունյանը նշեց, որ արտակարգ տնտեսման ռեժիմը պետք է միշտ լինի, բայց չափազանց մեծ տնտեսումները հակառակ արդյունքն են տալիս:
«Տնտեսումը լավ բան է, բայց պետք է ասեմ, որ որևէ երկիր չի կարողանում ունենալ այնքան փող, որպեսզի գոհ լինի իր ունեցած ֆինանասկան ռեսուրսներից: Տնտեսող ռեժիմը պետք է միշտ լինի, բայց չպետք է դառնա ծայրահեղություն»,- ասաց աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ եթե խոսքը գնում է արարողակարգային ծախսերին, ապա այդտեղ տնտեսումը սխալ է:
«Անձնական փորձով կարող եմ ասել, որ չափազանց մեծ տնտեսումները բերում են նաև հակառակ արդյունքը: Ինչ վերաբերում է այլ տնտեսումներին, ապա դրանք այսօր անհրաժեշտություն են: Դուք պետք է նաև գոհ լինեիք, որ 2014 թվականին նոր մեքենաներ են ձեռք բերվել»,- հայտարարեց Դ. Հարությունյանը, որին ի պատասխան Ուրիխանյանը նկատեց, որ այսօր պաշտոնյաները թույլ են տալից նաև այլ ճոխությունյուններ:
«Խոսքը միայն դրա մասին չէ»»,- արձագանքեց պատգամավորը, որին ի պատասխան Դավիթ Հարությունյանը շարունակեց. «Դրանց վերաբերյալ կա հայտ, որը քննարկելու է համապաստախան մարմինը: Ես կրկնում եմ, որ անմիտ տնտեսումը ամենաանթույլատրելի բանն է, որը կարելի է թույլ տալ մեր երկրում»,- եզրափակեց Հարությունյանը: