26/05/2015 12:20
Ե՞րբ կլինի հանրաքվե. Դավիթ Հարությունյանը հիշեց Եզոպոսին
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը դեռ չգիտի՝ սահմանադրական բարեփոխումներից հետո անվտանգության երաշխավորը ԱԺ նախագահն է լինելու, թե երկրի վարչապետը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, արձագանքելով այս հարցին, նա ասաց, որ կարող են լինել տարբեր մոդելներ:
«Հանձնաժողովն աշխատում է կառավարման խորհրդարանական մոդելի վրա, բայց ասել, որ վերջնականապես փարատված են բոլոր հույսերը , ճիշտ չէր լինի: Մենք ունենք հիմնական մոդել, որի մասին միշտ խոսել ենք, դա խորհրդարանական մոդելն է, բայց ամենակարևոր հարցն այն է, թե կհաջողվի արդյոք ապահովել պատշաճ հակակշիռները, զսպումները, ինչպես նաև ապահովել որոշումների կայացման հրատապությունը, օպերատիվությունը և այլն»,- ասաց Դ. Հարությունյանը:
Հարցին՝ կլինի արդյոք այս մոդելի շուրջ քաղաքական կոնսոլիդացիա, Դ. Հարությունյանն արձագանքեց, որ նույնիսկ վստահ է՝ ոչ բոլորը կպաշտպանեն կառավարման խորհրդարանական մոդելը, բայց բազմակարծությունը հենց դրա համար է, որ ոչ բոլորը պաշտպանեն:
«Փաստ է, որ մենք փորձում ենք բոլորի հետ աշխատել»,- ընդգծեց նա:
Դ. Հարությունյանը նաև դժվարացավ ասել, թե երբ տեղի կունենա հանրաքվե. «Եզոպոսի պատմությունն է` կքայլենք, կերևա»: