26/05/2015 20:00
«Եղեռն Եղեռնից հետո». Գիրք ալբոմ՝ 75 քարտեզներով
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական, եռալեզու գիրք-ալբոմը (գիրք-ալբոմը տես հղումով), որի հրատարակությունը իրականացվում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ղեկավար՝ Սամվել Կարապետյան) կողմից՝ ՀՀ քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների և «Մոնարխ» ընկերության հովանավորությամբ, շուտով պատրաստ կլինի: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական բաժնից:
Գրքի էլեկտրոնային տարբերակն արդեն իսկ պատրաստ է և վկայում է կատարված հսկայածավալ աշխատանքի մասին:
Փաստական առատ և արժեքավոր նյութից զատ գրքում զետեղված են 75 քարտեզներ, որոնցից ցանկացածը աննախադեպ հարուստ տվյալներ է պարունակում:
Գիրքը նվիրվում է Հայոց հայրենիքում անհետացվող մշակույթի բեկորները գոնե թղթի վրա փրկել ջանացած Թորոս Թորամանյանի, Արամ Վրույրի, Հովսեփ Օրբելու, Ստեփան Լիսիցյանի, Աշխարհաբեկ Քալանթարի, Ժան-Միշել Թիերրիի, Պաոլո Կուենոյի, Արմեն Հախնազարյանի և մյուսների անմար հիշատակին: