26/05/2015 11:32
Իրանը Ռուսաստանի, Ղազախստանի և Օմանի հետ ծովային զորավարժություններ կանցկացնի
Իրանը Ռուսաստանի, Ղազախստանի և Օմանի հետ համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնի: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբօլլահ Սայյարին:
Իրանական «Փրեսս.թիվի» կայքի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին էլ, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին և այդ համատեքստում Իրանին սպառնացող վտանգներին, մասնավորապես նշել է. «Եթե թշնամին փորձի ռազմական հարձակմամբ սպառնալ Իրանին, ապա այդ հարձակմանը կտրուկ պատասխան կտրվի և արձակված կրակը կործանարար կլինի իրենց իսկ համար»:
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ ԻԻՀ ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Իսլամական պետության» սպառնալիքին, մասնավորապես նշել է. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ եթե ԻՊ-ն 40 կիլոմետր շառավիղով մոտենա Իրանի սահմանին, ապա մենք կմիջամտենք և համապատասխան քայլեր կձեռնարկենք»:
Ավելի վաղ ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, գեներալ Յայհա Ռահիմ Սաֆավին, անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ժամանակ առ ժամանակ հնչող ապառնալից հայտարարություններին, հայտարարել էր. «Իսրայելը ռազմական առումով չի կարող մեզ համար խնդիրներ ստեղծել. Իրանը ցանկացած հարձակմանը ջախջախիչ պատասխան կտա: «Հեզբոլլահի» 80 հազար հրթիռներ պատրաստ սպասում են Իսրայելի վրա հարձակմանը:
Հիշեցնենք, որ օերերս ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակ-Քեյնը ամերիկյան «NBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի` տարածաշրջանային հակամարտությունների մեջ ներքաշվելուց խուսափելու հետևանքով Իրանը կարողացել է արաբական չորս երկրի` Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և Եմենի, մայրաքաղաքների հանդեպ վերահսկողություն սահմանել: Նրա խոսքով՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան, Իրանի սպառնալիքն ավելի վտանգավոր են գնահատում, քան «Իսլամական պետությանը»: