26/05/2015 09:25
«Մութ ժամեր» ակցիան հաջողվեց
Երեկ ժամը 21։00-23։00-ն կայացավ «Մութ ժամեր» ակցիան, որի շրջանակներում բազմաթիվ քաղաքացիներ, ի նշան բողոքի, 2 ժամով անջատեցին էլէներգիան։ Երեկ ակցիայի ավարտից հետո «Հայկական ժամանակը» մի քանի հարց է ուղղել ակցիայի կազմակերպիչ Արայիկ Հարությունյանին:
-Արայիկ, ինչպե՞ս անցավ ակցիան։ Քանի՞ մարդ նշված ժամին անջատեց էլէներգիան։
- Էդպիսի տվյալներ կարող է միայն ՀԷՑ-ը տալ ու համեմատել նախորդ օրերի հետ՝ որքան էլեկտրաէներգիա է ծախսվել նախկինում և որքան՝ երեկ։ Միայն համացանցով՝ ակցիային միանալու հայտ էր ներկայացրել 5300 մարդ։ Իմ ամբողջ շրջապատը այդ օրերին հոսանք չի սպառել, իսկ ամբողջ ֆեյսբուքում «Մութ ժամեր» ակցիայի լուսանկարներ են եղել։
- Ինչքանո՞վ էր արդյունավետ այս ակցիան։
- Արդյունավետ էր այնքանով, որ նման հրավերներին շատ քիչ թվով մարդիկ են մասնակցում, ու 5000-ը եթե չասեմ, որ աննախադեպ է, գոնե հազվադեպ է լինում ու այս ակցիան ոչ թե մի քայլանի պայքար էր, այլ ընդամենը քայլերից մեկն էր, իսկ մյուսը՝ մայիսի 27-ի երթն է։
-Հնարավո՞ր է առաջիկայում նորից շարունակեք «Մութ ժամեր» ակցիան:
-Հնարավոր է, որովհետև այս ակցիայի ամենակարևոր բաղադրիչներից մեկն էլ լրատվամիջոցների աննախադեպ մասնակցությունն էր։...Առաջիկայում կերևա, պայքարի այս ձևը նախընտրելի է, թե ոչ։ Կարևոր էր նաև, որ տասնյակ հազարավոր մարդիկ իրազեկվեցին խնդրի մասին։