26/05/2015 15:33
Գ.Սահակյանն իր երախտիքի խոսքն է հայտնել ապրիլի 24-ը Կանադայում Հայոց ցեղասպանության օր հռչակող բանաձևի համար
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի հետ: Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ պատվիրակության այցը բարեկամ երկիր՝ Կանադա, կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը և նոր շունչ կհաղորդի միջպետական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
ԱԺ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ: ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-կանադական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը կարևոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի:
Գ.Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել կանադական կողմին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետևողականորեն աջակցելու համար: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացված միջոցառումների և Կանադայի՝ այդ միջոցառումներին մասնակցելու մասին՝ նա նշել է, որ դա հայ ժողովրդի և միջազգային հանրության համար կարևոր է ոչ միայն ևս մեկ անգամ պատմական փաստերը բարձրաձայնելու, այլև նմանօրինակ հանցագործություններին «այլևս երբեք» ասելու առումով:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել նաև Կանադա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին՝ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ելույթով հանդես գալու համար:
ՀՀ ԱԺ նախագահն իր երախտիքի խոսքն է հայտնել Կանադայի Համայնքների պալատի նախագահին՝ ապրիլի 24-ը Կանադայում Հայոց ցեղասպանության օր հռչակող բանաձևի ընդունման համար: Նա փաստել է, որ ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ.
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին իրենց մասնակցությունն ունենալ այս պլատֆորմի ձևավորմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլոբալ աղետներից և վտանգներից երկիրը զերծ պահելը պատգամավորական մանդատի բաղկացուցիչներից է»,- մասնավորապես ասել է Գ.Սահակյանը:
Իսկ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Գ.Սահակյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու մոտեցումը:
Իր հերթին Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Կանադա այցելելու համար և նշել, որ կարևորում է նման հանդիպումները պաշտոնյաների միջև. համագործակցությունը կզարգանա նման հանդիպումներով և երկխոսությամբ: Նա կարևորել է նաև համագործակցությունը Հայաստանի հետ և նշել, որ ջանք չեն խնայի խաղաղության վերջնական հաստատման համար:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կանադական գործադիր կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին լիիրավ անդամակցելու մասին, որը ձեռք է բերվել վերջերս նաև կանադական կողմի աջակցությամբ: Քննարկվել է նաև 2015 թվականի հոկտեմբերին Երևանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի անցկացման հարցը:
Զրուցակիցները խոսել են Կանադայի հայ համայնքի մասին, որը, ըստ կանադական կողմի, օրինակելի համայնք է և մեծ ներդրում ունի երկրում ամենատարբեր ծրագրերի իրականացման գործում: