26/05/2015 13:39
Նախագահականը ֆինանսավորում է քաղաքական ուժերի՞ն
Ազգային Ժողովում ընթացող 2014 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, թվարկելով անցած տարվա ծախսերն ու ծրագրերը նշեց մի ծրագրի մասին, համաձայն որի՝ քաղաքական կուսակցություններին ևս տրվում է աջակցություն աշխատակազմի կողմից: ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ կարգով է այդ աջակցությունը տրվում, գուցե դրամաշնորհներ են իրականացվում, արդյոք կա մրցույթ և այլն: Եվ որ ամենակարևորն է.
«Նաև՝ ո՞ր քաղաքական կուսակցություններն են ստացել 2014թ-ին ֆինանսավորում ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից»,- հավելեց իր
հարցը ԲՀԿ-ական պատգամավորը:
Վ.Սարգսյանն էլ պատասխանեց շատ կարճ.
«Իրոք հետաքրքիր կլիներ իմանալ, բայց ցավոք սրտի քաղաքական կուսակցություններին երբևէ գումար այդ հոդվածից չի հատկացվել: Այդ հոդվածի վերնագիրը իրոք այդպիսին է, բայց ծրագիրը միտված է ավելի շատ հասարակական կազմակերպություններին»:
Վ.Բաբայանը չհանձնվեց ու տրամաբանական հարց հնչեցրեց՝ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի նման վերնագիր պահելը.
«Դա դասակարգման վերնագիր է, որն ի սկզբանե այդպես է դրված եղել և չի փոխվել : Հաշվի կառնենք հետագայում կվերանայենք»,- հավաստիացրեց Վիգեն Սարգսյանը: