26/05/2015 18:00
Փոխմարզպետ. Չէի ասի, թե Սյունիքում պայթունավտանգ իրավիճակ է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ բյուջեի կատարողականի ժամանակ Սյունիքի մարզպետին փոխարինելու էր եկել փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը: Լրագրողներին բախտ վիճակվեց նրանից կորզել մի քանի հարցի պատասխան, որոնք մասնավորապես վերաբերում էին Սյունիքում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վ. Գրիգորյանն ընդգծեց թե չի կարծում, որ մարզում իրավիճակը լարված է, բայց նշեց, թե հասարակությունը մտահոգված է այդ հարցով:
«Չէի ասի, թե Սյունիքում պայթունավտանգ իրավիճակ է, բայց վերջին դեպքերից բոլորն են իրազեկ: Լարվածությունն այն օրերին էր, երբ այդ դեպքերը տեղի ունեցան, հիմա այդ լարվածությունը մի փոքր նվազել է»,-ասաց նա:
Իսկ թե ինչպե՞ս եղավ, որ մարզպետի դեմ մահափորձին 20 կրակոցից ոչ մի գնդակ չդիպավ, նա դժվարացավ պատասխանել, փոխարենը ընդգծեց, որ դա մասնագիտական հարց է և պետք է մասնագետներն այդ հարցերին պատասխանեն:
Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում թշնամիներ ունի՞, Վաչե Գրիգորյանը արձագանքեց. «Չեմ կարծում: Նա երկար տարիներ Սյունիքի մարզպետն է եղել, ինչի՞ մասին է խոսքը»:
Վ. Գրիգորյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե Սյունիքի մարզպետը ունի՞ թշնամիներ Հանրապետության տաածքում: «Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Հայաստանը բոլորիս տունն է, Սյունիքն էլ նրա ծննդավայրն է, և չեմ կարծում, որ նա որևիցե մեկից վախենում է: Թող վախենան նրանք, ովքեր ունեն վատ նկատառումներ»,-ասաց նա:
Փոխմարզպետը Սուրիկ Խաչատրյանի հետ աշխատելը մեծ պատիվ է համարում: Իսկ թե մարզպետարանն իր գործառույթները լա՞վ է կատարում՝ հաշվի առնելով այն, որ մարզը մշտապես աչքի է ընկնում սկանդալներով, որտեղ ներառված է մարզպետն ու նրա ընտանիքը, Վ, Գրիգորյանը խորհուրդ տվեց ներընտանեկան հարցերին իրեն չներգրավել:
«Ես կարծում եմ՝ դա ձեր կարծիքն է։ Պետական կառույցի խնդիրներն այլ են, եթե կան քրեական վիճակի մասին կամ այլ, ես չեմ տեսնում, իսկ եթե կոնկրետ ինձ նկատի ունեք, ինչ ինձ վերաբերում է, ես կատարում եմ»,-պատասխանեց նա՝ շեշտելով, որ մարզի քրեական քրոնիկով մարզպետարանը պատասխանատու կամ իրավասու մարմին չէ և պատասխանատվություն չի կրում:
Նա հավելեց, որ մարզպետարանին հետաքրքրում է միայն մարզի սոցիալ-տնտեսական ոլորտը, որի մասին պետք է և մտածեն: «Իսկ այդ գործը, կարծես թե, մենք հաջողությամբ կատարում ենք»,- եզրափակեց նա: