26/05/2015 13:19
Տիգրան Սարգսյանը դիմել է դատարան. Նա Փայլակ Հայրապետյանից 1 մլն դրամ է պահանջում
ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Տ. Սարգսյանը պահանջում է պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ որպես բարոյական վնասի հատուցում և դատական ծախսերը` ներառյալ փաստաբանի վարձատրության գումարը: Գործով երրորդ անձ է Գագիկ Շամշյանը:
Վարչապետի ներկայացուցիչը արդարադատության նախկին փոխնախարար, այժմ փաստաբան Արամ Օրբելյանն է: Հայցադիմումը վարույթ է ընոդւնվել ապրիլի 30-ին և հունիսի 9-ին նշանակվել է նախնական դատական նիստ:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի հետ զրույցում Փ. Հայրապետյանը ասել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել:
«Ինչի՞ համար չի եկել Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի իմ կամ մեկ ուրիշի հաշվի վրա, այլ՝ իր: Այդ գումարով մոտ 90 կիլոգրամ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը, որի հիմնական սեփականատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են: Դակումենտալնի գրանցված է՝ 6 միլիոնից ավելի ոսկի են գնել: Հիմա այդ ոսկու տեղն էլ հայտնի չէ: Բայց հանրապետությունում դատախազից սկսած՝ չեն ուզում այդ հարցի պատասխանը ստանան: Իմ ունեցածը ես իմ քրտինքով եմ վաստակել, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցին: Ինչո՞ւ իմ ունեցածի վրա խաչ քաշեցին»,- ավելացրել էր Փայլակ Հայրապետյանը: