26/05/2015 15:45
Նիկոլ Փաշինյանն էլի փնտրեց ու չգտավ Տարոն Մարգարյանին
«Ես կարծում եմ, որ բյուջեի կատարողականի քննարկումները միշտ շատ հետաքրքիր են անցնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար՝ նա մեկ Երուսաղեմում է, մեկ Սանկտ-Պետերբուրգում է, մեկ՝ Բադեն –Բադենում… այնպիսի տպավորություն է, որ նա աշխատում է այս օրը Երևանից կամ Ազգային Ժողովի շենքից հնարավորինս հեռու լինի, որ նույնիսկ online հարցեր տալու հնարավորություն չլինի»,- ԱԺ-ում ընթացող 2014թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Խնդիրը նրանում է, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհասցրեց հնչեցնել իր ՝ այս քննարկումների համար ավանդական դարձած հարցը, թե ուր է Երևանի քաղաքապետը և ինչու է նա մշտապես իրեն վեր դասում ներկայանալ ԱԺ և պատգամավորների հարցերին պատասխանել, քանի որ նիստը վարողը տեղեկացրեց, որ պաշտոնական գրություն է ստացել այն մասին, որ Տարոն Մարգարյանի մասնակցությունը նիստին հնարավոր չէ՝ նա գործուղման մեջ է և գտնվում է Սանկտ Պետերբուրգում:
Ն. Փաշինյանը հայտարարեց նաև, որ չի կարող մնալ քննարկմանը, քանի որ գործեր ունի ու զբաղված է և հավելեց.
«Հույս ունեմ, որ ներկաները կհասկանան իմ այս դիրքորոշումը, շնորհակալություն»: