26/05/2015 13:07
Ինչո՞ւ է ներում շնորհվել Սուրիկ Խաչատրյանին. Փոստանջյանը՝ Վիգեն Սարգսյանին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե քանի ներում է շնորհվել նախորդ տարի դատապարտյալներին և ինչու է ներում շնորհվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամներին, որի մասին մամուլը գրել էր:
Վիգեն Սարգսյանն էլ արձագանքեց, նշելով, որ ներման համար գործում է խորհրդատվական խումբ, որը յուրաքանչյուր դիմում քննում է, յուրաքանչյուր ներման խնդրանք զեկուցում է Նախագահին: «Ներման թվի վերաբերյալ այս պահին տվյալները չկան»,- ասաց Վ. Սարգսյանը:
Զ. Փոստանջյանը խնդրեց անդրադառնալ նաև Սուրիկ Խաչատրյանի բարեկամներին ու հարազատներին, մասնավորապես՝ նրա որդուն, իսկ Վիգեն Սարգսյանը կրկնեց, որ ներումը Նախագահի բացառիկ լիազորությունն է:
«Սովորաբար ներման դեպքում հաշվի են առնվում անչափահաս երեխաների առկայությունը, հանցագործության տեսակը, նախկինում դատապարտված լինելը և այլ հանգամանքներ»,-ասաց նա: