27/05/2015 13:01
«Ցանկացած դիվանագիտական հաջողության գրավականը ռազմական հաջողությունն է»
«Ցանկացած դիվանագիտական հաջողության գրավականը ռազմական հաջողությունն է»,- Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվա առիթով լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Աշոտ Ներսիսյանը՝ հավելելով, որ Հայաստանի առաջին հանրապետությունը հետևանք էր դիվանագիտական և ռազմական գործընթացների:
Ա. Ներսիսյանի կարծիքով՝ այն ժամանակվա քաղաքական փորձը հիմա մեզ համար պետք է ուսանելի լինի ու չնայած շատ տարբերություններին՝ այս հանրապետությունը առաջինի իրավահաջորդն է: «Պետք է մտածել ոչ թե ընդդիմություն-իշխանություն պայքարի, այլ՝ Երրորդ հանրապետությունը հզորացնելու մասին»,- ասաց նա:
Հանդիպման մյուս բանախոս, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ, խոսելով Մայիսյան հերոսամարտերի մասին, ասաց, որ այս ամենի մեջ անտեսվում են երկու մեծ հաղթանակներ, մասնավորապես՝ մայիսի 5-ին Թալինի բերդի գրավումը և Շիրակի գյուղերի գրավումը:
ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ իր հերթին ասաց, որ մայիսյան հաղթանակները վառ օրինակ էին՝ անկախությունը երբեք մեզ սկուտեղի վրա չի մատուցվել:
«Մենք սովորություն ունենք պատմության դասերը սերտել, բայց դրանք չօգտագործել»,- եզրափակեց նա: