27/05/2015 14:44
Եվրասիական միություն մտնելուց հետո Ռիգայի գագաթաժողովը մեզ շատ բան չէր կարող տալ․ Ստեփան Գրիգորյան
«Եվրասիական միություն մտնելուց հետո ֆորումը մեզ շատ բան չէր կարող տալ»,- այսօր, ամփոփելով ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքները, նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Նա ամեն դեպքում հավելեց, որ կա մի ոլորտ որում կարևոր արդյունք գրանցեցինք, քանի որ Հայաստանը վիզաների հարցում տեխնիկական առաջընթաց ունի, բարձրացրեցինք Հայաստանի համար նոր առաջընթացի դուռ բացելու հարցը:
Հանդիպման մյուս բանախոս, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն էլ նշեց, որ նոր համաձայնագրի հույսեր կան, այդ ուղղությամբ արդեն լուրջ քայլեր արված են, և մանդատ ստանալու դեպքում կսկսվեն բանակցությունների աշխատանքները:
Ըստ Լարիսա Մինասյանի՝ գլխավոր ձեռքբերումը կլինի այն, որ այս անգամ դա արվի հանրության համար բաց, որպեսզի քաղաքացիական հասարակությունն իր մեջ ներուժ գտնի բանակցելիք հարցերի շուրջ ունենալ դիրքորոշում և ծավալել քննարկումներ:
Լ. Մինասյանի կարծիքով՝ 20 տարի առաջ Եվրոպայից ակնկալվում էր նախևառաջ ֆինանասական աջակցության տեսքով, այժմ մեր հասարակությունը արդարադատության մոդելի կիրառման պահանջ է ներկայացնում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նշեց, որ Ռիգայի գագաթաժողովը ոչինչ չտվեց մեզ, քանի որ Հայաստանը պատրաստ չէր վերցնել:
Ա. Սաքունցը ամեն դեպքում կարևորեց, որ ֆորումում առնվազն արձանագրվեց քաղբանտարկյալների ազատման հարցը: