27/05/2015 09:50
Անապահովության համակարգում ընդգրկվածների համար անպտղության բուժումն անվճար կդառնա
Առողջապահության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել մի նախագիծ, որի ընդունման դեպքում անպտղության բուժումն անվճար կդառնա անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր միավոր ունեցող նպաստառու կանանց և նրանց ամուսիների համար: Իսկ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10-29 միավոր ունեցողների համար՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ու սպասարկումը կիրականացվի նվազագույն հիսուն տոկոս զեղչով:
Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել է Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջապահության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Այդ նպատակով տարեկան կհատկացվի 78,6 միլիոն դրամ, և ըստ նախարարության տվյալների՝ նշված գումարով կարող է իրականացվել, մոտ 200 ընտանիքների բուժսպասարկում: