27/05/2015 19:31
Ա. Զաքարյան. Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դիտարկել քայլ ընդդեմ Թուրքիայի
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նախօրեին հանդիպումներ է ունեցել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնի և Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առեւտրի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկի հետ:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպումների ընթացքում Ա.Զաքարյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը և, մասնավորապես, երկու պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների համար պատասխանատու հանձնաժողովների միջև ուղիղ կապը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՀՀ առջև ծառացած կարևորագույն խնդիրները, անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, ինչպես նաև այլ միջազգային կառույցների՝ Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի և այլն, հետ զարգացող հարաբերություններին:
Կողմերը վերահաստատել են համագործակցելու պատրաստակամությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանը և կարևորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Ա.Զաքարյանն իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ունեցած հաստատակամ դիրքորոշման համար՝ ընդգծելով կանադական խորհրդարանի երկու պալատների կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը վերահաստատող բանաձեւի և հայտարարությունների ընդունումը: Հայ պատգամավորը նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դիտարկել որպես քայլ՝ ընդդեմ Թուրքիայի կամ հօգուտ Հայաստանի, այլ որպես ցեղասպանության ոճիրը կանխարգելելուն ուղղված կարևևոր քայլ:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: