27/05/2015 14:19
Հովիկ Աբրահամյանը խնդիր է դրել հնարավորինս կրճատել գործուղումների թիվը
Այսօր Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, ինչը թելադրված է բնակիչներին նվիրվող տարածքների նվիրատվության պայմանների հստակեցման, արդիականացման և փաստաթղթերի հավաստիության ապահովման անհրաժեշտությամբ:
Նվիրատվության պայմանների փոփոխության և պարզեցման արդյունքում կլուծվեն քաղաքացիների առավել մեծ զանգվածի սոցիալական խնդիրները:
Կառավարությունը բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով 60 մլն դրամով ավելացրել է «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրով նախատեսված առաջին կիսամյակի գումարը՝ անփոփոխ թողնելով նախատեսված հատկացումների տարեկան գումարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդիր է դրել հնարավորինս կրճատել գործուղումների թիվը: Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը: Նման հանձնարարություն է տրվել նաև կառավարության աշխատակազմին: