27/05/2015 18:00
ՏԿԱԻ նախարար. «Գազալցակայանների վերահսկողությունն իրականցվելու է խստացված ռեժիմով»
Մայիսի 27-ին ի կատարումն ՀՀ վարչապետի՝ հանրապետության գազալցակայանների նկատմամբ իրականացվող անվտանգության ռեժիմի վերահսկողության խստացման մասին հանձնարարականի՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Այս մասին տեղեկացնում են ՏԿԻԱՆ լրատվական ծառայությունից:
Նախարար Արմեն Երիցյանը հանձնարարեց հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որը առավել խստացված ռեժիմով իրականացնելու է հանրապետությունում գործող 456 շարժական և անշարժ ԱԳԼՃԿ-ների ստուգումներն ու վերահսկողությունը: «Ստուգումները պետք է իրականացվեն խստագույն չափանիշներով և ցանկացած խախտում արձանագրելու դեպքում տեղում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Եթե կարիքը զգացվի, տեղում պարտադիր կներգրավվեն նաև իրավապահ մարմինները»,- շեշտեց ՏԿԱԻ նախարարը: