27/05/2015 11:59
Կ. Անդրեասյանն առաջարկում է ընդլայնել իր լիազորությունները
Ես կողմ եմ, որ Հայաստանում լինի և ռազմական և բիզնես օմբուդսմեն, բայց ես դեմ եմ, որ դրանք դառնան ձևական մարմիններ: Այս մասին ԱԺ-ում ընթացող 2014թ-ի պետական բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Նման մարմինները երբեմն դառնում են ձևական, քանի որ ստեղծվում են, բայց անհրաժեշտ ռեսուրսներ այդ մարմիններին չի տրվում: Եվ այդ իմաստով, հաշվի առնելով մեր որոշ կառույցների թեր ֆինանսավորումը, ես կարծում եմ, որ նպատակահարմար չէ այսօր հատուկ առանձնացնել»,- նշեց նա: Օմբուդսմենը նկատեց, որ հասկանում է, որ իր այս դիրքորոշումը կարող է մեկնաբանվել, թե ունի անհանգստություն, որ կստեղծվեն իրենց կառույցից դուրս այլ, մրցակից կառույցներ, բայց հավաստիացրեց, որ նման մտավախություն չունեն:
«Եթե մենք իմանանք, որ առանց գերծախսերի շատ ավելի արդյունավետ է բիզնես օմբուդսմեն ունենալ մեր կառույցից դուրս, մենք ինքներս դրա կողմնակիցը կլինենք և մի մեծ բեռ ու պատասխանատվություն մեր ինստիտուտի վրայից դուրս կգա»,- ասաց նա:
Կ. Անդրեասյանը նկատեց, որ այսօր Հայաստանում ամենակարևոր իրավունքներից մեկը, որ պետք է պաշտպանվի, գործարարների իրավունքներն են, սոցիալական իրավունքներն են, որոնք էլ բխում են մեկը մյուսից: Մնացած բոլոր իրավունքները այսօր, կարելի է ասել, ելնում են այս երկու իրավունքներիմ որոշակի խախտումներից: Ի դեպ, ՄԻ պաշտպանը նշեց, որ եթե երեք-չորս տարի առաջ ասում էր, որ բոլոր խնդիրները դատարաններից են, ապա այսօր, թեև չի պնդում, որ բոլորը շտկվել է, ապա այսօր կարող է ասել, որ բոլոր տեսակի իրավունքների հետ կապված հարցերը արդեն սոցիալ-տնտեսական բնույթ ունեն:
«Բայց բիզնես օմբուդսմենի գաղափարը կա, եթե դա կարևորում եք, ապա միացեք մեր շենքի ներսում գործող այդ ինստիտուտիտն, եթե ուզում եք այդ տեղակալին տվեք ինձանից որոշակի անկախություն, որպեսզի չստացվի, որ մենք փորձում ենք տիրապետել ամբողջ դաշտը և դրանով խնայեք տասնյակ կամ հարյուրավոր, միլիոնավոր դրամներ»,- առաջարկեց Կ.Անդրեասյանը: